ԱԴԱՄՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին, սակայն ակումբը առայժմ մարզում է Ժորա Բարսեղյանը: Այն տեղեկությունը, համաձայն որի Անդրանիկ Ադամյանը որոշակի ընդմիջումից հետո վերադառնալու է մարզչական գործունեության, ակումբում չհերքեցին, սակայն նշեցին, որը դա դեռ պաշտոնական լրատվություն չէ: Անդրանիկ Ադամյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հարցը վերջանական լուծում կստանա առաջիկայում:
«Առայժմ ես շարունակում եմ զբաղեցնել գործադիր տնօրենի պաշտոնը», - ասաց «Շիրակի» հետ 90-ականներին լուրջ հաջողություններ գրանցած Ադամյանը, որը ժամանակին հաջողությամբ աշխատել է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականում:
«Շիրակի» գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանը հայտնեց, որ թիմը շարունակում է մարզվել Գյումրիում. «Օգտվում ենք մեր քաղաքում գործող մարզադահլիճներից: Ծրագրում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել Արարատի «Այգ» մարզաբազայում: Եւս մեկ ուսումնամարզական հավաք ծրագրված է արտասահմանում»:
«Շիրակի» ղեկավարությունը գալիք մրցաշրջանում ավելի լուրջ խնդիրներ է դրել թիմի առջեւ եւ ըստ Ժորա Բարսեղյանի` թիմը առաջին հերթին պայքարելու է գավաթի խաղարկությունում հաղթելու համար. «Հայաստանի առաջնություններում 10 անգամ դարձել ենք մրցանակակիր, 3 անգամ տիրացել ենք սուպերգավաթին, սակայն գավաթի խաղարկությունում ոչ մի անգամ չենք հաղթել: Ձգտելու ենք այս տարի վերջապես տիրանալ Հայաստանի գավաթին»:
«Շիրակը» կարողացել է ամբողջությամբ պահպանել կազմը, որով հանդես է եկել 2007թ.: Թիմի միակ նորեկը Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Մխիթար Գրիգորյանն է, որը եւս Գյումրիի ֆուտբոլի դպրոցի սան է: