ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Մալթայի մրցաշարում ավարտվեց Հայաստան - Բելառուս հանդիպումը:
Հանդիպումը շատ հաջող է սկսվել Բելառուսի համար: Արդեն հինգերորդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Մայիս Ազիզյանի կոպիտ սխալից օգտվելով հաշիվը բացել է Վլաչեսլավ Գլեբը` Լոնդոնի «Արսենալում» հանդես եկող Ալեքսանդր Գլեբի կրտսեր եղբայրը:
Քիչ անց Գլեբը հնարավորություն է ունեցել հաշիվը կրկնապատկելու, սակայն նրա հարվածից հետո գնդակը ետ է մղվել դարպասաձողից: Հայաստանի հավաքականը աստիճանաբար ուշքի է եկել եւ 19-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Արարատ Առաքելյանը հավասարեցրել է հաշիվը: 29-րդ րոպեին հերթական անգամ նպաստավոր դիրքում է հայտնվել Վյաչեսլավ Գլեբը: Այս անգամ նրա հարվածից հետո հիանալի խաղ է ցուցադրել Մայիս Ազիզյանը:
57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինել է Արա Հակոբյանը, որը րոպեներ անց լավ փոխանցում է կատարել Սամվել Մելքոնյանին, սակայն «Բանանցի» ֆուտբոլիստը նպաստավոր դիրքից վրիպել է: 77-րդ րոպեին արդեն Արա Հակոբյանն է հնարավորություն ունեցել դարպասը գրավելու, սակայն բելառուսների դարպասապահ Լյանցեւիչը մեծ դժվարությամբ գնդակը դուրս է բերել անկյունային, որի խաղարկումից հետո Արա Հակոբյանը վերջապես առաջ է մղում Հայաստանի հավաքականին: 87-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել է Ալեքսանդր Թադեւոսյանը, սակայն 10 հոգով էլ հայ ֆուտբոլիստներին հաջողվել է պահպանել հաղթական հաշիվը: Այսպիսով Յան Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ գործնականում ապահովեց հաղթողի կոչումը Մալթայի մրցաշարում: