Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԱՆԾԱՆՈԹ Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Մալթայի միջազգային մրցաշարում կանցկացնի իր 2-րդ հանդիպումը` մրցելով Բելառուսի հավաքականի հետ: Շաբաթ օրը Մալթային 1:0 հաշվով պարտության մատնելուց հետո` Յան Պոուլսենի գլխավորած ընտրանին հնարավորություն ունի հաջողությունը զարգացնել բեռալուսների հետ խաղում: Իհարկե, Բելառուսի ընտրանին ավելի լուրջ մրցակից է, քան Մալթան, սակայն Հայաստանի հակառակորդը ոչ մարտական կազմով է մասնակցելու հանդիպմանը:

Բելառուսի հավաքականը ներկայումս գլխավորում է գերմանացի հայտնի մասնագետ Բեռնտ Շտանգեն: Վերջինս հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի մասին պատկերացում ունի միայն ընտրական փուլում գրանցված արդյունքներով. «Հայերի մասնակցությամբ հանդիպում վերջին տարիներին չեմ դիտել»: Նախքան Հայաստանի հետ հանդիպումը Բելառուսը 2 անպատասխան գնդակ է ուղարկել Իսլանդիայի դարպասը:

Միջազգային բուքմեյքերական ընկերությունը այս խաղում բացահայտ ֆավորիտ է համարում Բելառուսի հավաքականին, որի հաղթանակի գործակիցը 1.60: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.75 գործակից: Հայաստանի հաղթանակը գնահատվել է 4.50: 2.05 գործակից է սահմանվել Հայաստանի չպարտվելու համար:

Մինչ այս Հայաստանի եւ Բելառուսի հավաքականները հանդիպել են 2 անգամ: 2002թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, 2000թ. հոկտեմբերին Մինսկում, Բելառուսը 2:1 հաշվով առավելության է հասել Վարուժան Սուքիասյանի գլխավորած հավաքականի նկատմամբ: 2001թ. հունիսին Երեւանում կայացած պատասխան մրցավեճում դարպասի գրավում չի արձանագրվել: