Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԱՎԱԳՈւՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԿՄԵԿՆԻ ՇՎԵԴԻԱ

Սպորտ

2007թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը օրերս գտնվում էր Շվեդիայում, որտեղ բանակցություններ էր վարում տեղի ԳԱԻՍ ակումբի հետ: Վերադառնալով Հայաստան` Պաչաջյանը «Ա1+»-ին հայտնեց, որ 4 տարվա պայմանագիր է կնքել շվեդական ակումբի հետ եւ շաբաթվա վերջին արդեն կմեկնի Շվեդիա:

ԳԱԻՍ-ը Շվեդիայի հնագույն ակումբներից մեկն է եւ հիմնադրվել է 1894թ.: Գյոթեբորգ քաղաքի այս թիմը վերջին անգամ լուրջ հաջողության հասել է 1987թ.` տիրանալով Շվեդիայի գավաթին: Ներկայումս այս թիմում ընդգրկված են միանգամից 10 լեգեոներներ, որոնց թվում նաեւ Լեւոն Պաչաջյանը: Տաղանդավոր կիսապաշտպանը ընդգծեց, որ ԳԱԻՍ-ը կարող է ցատկահարթակ հանդիսանալ ավելի բարձրակարգ ակումբում հայտնվելու համար. «Ամեն ինչ ինձանից է կախված: Կարծում եմ, այնտեղ հնարավորությունները ավելի մեծ են` ճանաչված ակումբների ուշադրությունը գրավելու համար: Հայաստանի առաջնությունում շատերը աննկատ են մնում, իսկ Շվեդիայում ոչ»:

24-ամյա Պաչաջյանը «Փյունիկում» է 2003թ. եւ այս ընթացքում Հայաստանի անփոփոխ չեմպիոնի կազմում 100 հանդիպում է անցկացրել` դառնալով 27 գոլի հեղինակ: Այս թիմի կազմում նա 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ գավաթակիր եւ 2 անգամ սուպերգավաթակիր: Մինչ «Փյունիկ» տեղափոխվելը` Լեւոնը հանդես է եկել «Կոտայք» եւ «Զվարթնոց» ակումբներում: Հայաստանի հավաքականի մարզաշապիկը Պաչաջյանը հագել է 18 անգամ եւ շուտով պատրաստվում է մասնակցել Մալթայի մրցաշարին, որտեղ մեր թիմը 3 հանդիպում է անցկացնելու. «Հավանաբար ես միանգամից կժամանեմ Մալթա»:

Պաչաջյանը հայտնեց նաեւ, որ Շվեդիա է մեկնելու ընտանիքի հետ` կնոջ եւ աղջկա հետ: