ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջնամասում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան: Վստահ մեկնարկից հետո մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում ամրապնդված Տիգրան Պետրոսյանը ոչ միայն չկարողացավ պահպանել առավելությունը, այլեւ աստիճանաբար նահանջեց եւ բավարարվեց միայն 5-րդ հորիզոնականով:
Վերջին տուրից առաջ չեմպիոնության համար պայքարում են Արտաշես Մինասյանը եւ Կարեն Ասրյանը: Ասրյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Տիգրան Նալբանդյանի հետ, իսկ Արտաշես Մինասյանը` Արման Փաշիկյանի հետ: Այսպիսով առաջնության վերջին տուրից հետո Կարեն Ասրյանը եւ Արտաշես Մինասյանը 8 միավորով բաժանում էին առաջին հորիզոնականը: Սակայն Ասրյանը ավելի բարձր վարկանիշի շնորհիվ երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Իսկ Արտաշես Մինասյանը, թեեւ գրավեց երկրորդ հորիզոնականը, սակայն իրավունք ստացավ հանդես գալ ազգային հավաքականում, քանի ոչ Ասրյանը նման իրավունք ուներ նախքան առաջնությունը:
14-ամյա պատանի Սամվել Տեր-Սահակյանը 7.5 միավորով հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: Նա լրացրեց գրոսմայստերի նորմա եւ եւս 2 անգամ նման ցուցանիշ ցույց տալու դեպքում կդառնա հայ ամենաերիտասարդ գրոսմայստերը: