ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑՈւՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարը թեւակոխել է վճռական փուլ: Հանգստյան օրերին կայացած 7-րդ եւ 8-րդ տուրի հանդիպումները, որոնցում հիմնականում գրանցվեցին խաղաղ արդյունքներ: 6-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկին պարտվելուց հետո Լեւոն Արոնյանը հաջորդ տուրում սպիտակներում առավելության հասավ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի նկատմամբ, որը ընթանում էր առաջատարների խմբում:
Արոնյանը առաջին անգամ չէ պարտության մատնում երիտասարդ ադրբեջանցուն, ուստի գրանցված արդյունքը ոչ-ոքի համար անակնկալ չէր: 8-րդ տուրում Լեւոնի մրցակիցը մեկ այլ ադրբեջանցի Շաքիրյար Մամեդյարովն էր: Այս անգամ գրանցվեց ոչ-ոքի: Անհաջող մեկնարկից հետո սկսել է հաջող հանդես գալ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը վերջին 2 տուրերում նույքան հաղթանակ տոնեց` առավելության հասնելով Պոլգարի եւ Տոպալովի նկատմամբ: 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է նորվեգացի պատանի շախմատիստ Մագնուս Կառլսենը: Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը 5-ական միավորով բաժանում են 2-րդ հորիզոնականը: Անանդը եւ Ռաջաբովը վաստակել են 4.5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը 2.5-ական միավորով եզրափակում են Ելյանովը եւ Գելֆանդը: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ելյանովը: Նկատենք նաեւ, որ Արոնյանը արդեն մրցել է բոլոր ֆավորիտների հետ եւ մրցաշարի 2-րդ կեսում նրան համեմատաբար թույլ մրցակիցներ են սպասվում, ուստի Լեւոնը ընթացիկ մրցաշարում հաղթելու հիանալի հնարավորություն ունի:
ՄԻԱՆԳԱՄԻՑ 4 ԱՌԱՋԱՏԱՐ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում աննախադեպ լարված պայքար է ծավալվել: Վերջին 13-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 7.5-ական միավորով գլխավորում են Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Կարեն Ասրյանը: 12-րդ տուրում 14-ամյա Սամվել Տեր-Սահակյանը, որը արդեն գրոսմայստերի նորմա է լրացրել, սպիտակներով պարտության մատնեց Տիգրան Պետրոսյանին, որը մինչ այս վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: 13-րդ տուրում Տեր-Սահակյանի մրցակիցը պետք է լիներ Աշոտ Անաստասյանը, որը սակայն վնասվածքի պատճառով լքել է առաջնությունը, ուստի եւս մեկ միավոր Սամվելին շնորհվեց վերջին տուրի պարտիայի համար եւ նրա համար առաջնությունը փաստորեն ավարտված է:
«ԲԱՆԱՆՑԸ» ԴԵՌ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» առաջին հանդիպումներն է անցկացրել «Համագործակցության գավաթի» խաղարկությունում: Հայկական թիմը նախ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ի հետ, ապա 0:3 հաշվով զիջել Տաշքենդի «Պախտակորին»: Խմբային մրցաշարի 3-րդ խաղում «Բանանցի» մրցակիցը կլինի Կիեւի «Դինամոն», որը հանդես է գալիս 2-րդ կազմով: Հաղթանակի դեպքում հայկական դուրս կգա հաջորդ փուլ, եթե զուգահեռաբար կայանալիք խաղում ԲԱՏԵ-ն չհաղթի «Պախտակորին»: Վերջինս արդեն ապահովել է իր տեղը հաջորդ փուլում:
ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈւԹՅՈՒՆԸ
Հոկեյի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը, աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի մրցաշարում իր առաջին պարտությունը կրեց` 4:8 հաշվով պարտվելով Նոր Զելանդիայի հավաքականին: Մինչ այս մեր ընտրանին միեւնույն 13:1 հաշվով առավելության էր հասել ՀԱՀ-ի եւ Թուրքիայի հավաքականների նկատմամբ: Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Սերբիան, որի հարկի տակ էլ անցկացվում է մրցաշարում: Պարտության դեպքում հայ հոկեյիստները գործնականում կզրկվեն հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: