Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԶՈւՄԱՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՎԱՐՁԱՎՃԱՐՈՎ

Սպորտ

Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը 1 տարի վարձավճարով հանդես կգա դանիական «Ռանդերսում»: Այսպիսով Արզումանյանը շարունակում է մնալ որպես հայկական ակումբի ֆուտբոլիստ:

Մեկնելով Դանիա եւ տեղում ծանոթանալով առաջարկվող պայմաններին Արզումանյանը համաձայնվել է վարձավճարով հանդես գալ Դանիայի ընթացիկ առաջնությունում 6-րդ հորիզոնականում ընթացող «Ռանդերսի» կազմում: «Փյունիկի» մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ում հայտնեցին, որ օրերս Շվեդիա կմեկնի նաեւ թիմի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որի ծառայություններով հետաքրքրվում է շվեդական ԳԱԻՍ թիմը: 2007թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Պաչաջյանը ամենայն հավանականությամբ 5 տարվա պայմանագիր կկնքի ԳԱԻՍ-ի հետ:

Այսպիսով` գալիք մրցաշրջանում «Փյունիկը» հանդես կգա զգալիորեն փոփոխված կազմով: Մինչ այս թիմից հեռացել էին նաեւ Աղվան Մկրտչյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը, որոնք հանդես են գալու բելառուսական թիմերում: «Փյունիկի» ղեկավարությունը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը փորձառու ֆուտբոլիստներ Ռաֆայել Նազարյանի եւ Արսեն Ավետիսյանի հետ: Վերջինս արդեն պատրաստվում է ելույթները շարունակել Կապանի «Գանձասարում»: «Փյունիկից» հեռացել է նաեւ բարձրահասակ հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը:

Փոխարենը թիմ է վերադարձել սեւամորթ հարձակվող Ադոլֆե Էֆին, որը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ուլիսում»: