Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԿՈՍԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ

Սպորտ

Երեւանի «Արարատի» եւ Հայաստանի 2007թ. առաջնության լավագույն ռմբարկու Պիզելի Մարկոսը փորձաշրջան է անցնում Ավստրիայի բարձրագույն խմբում հանդես եկող թիմերից մեկում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Արարատի» գլխավոր մարզիչ Դուշան Միհիչ օգնական Ռազմիկ Գրիգորյանը. «Մեր մյուս լեգեոներներից միայն Ռենատոն եւ Էմիլյոն են մեզ հետ, իսկ 2 սերբ եւ 2 բրազիլացի խաղացողների ծառայություններից հրաժարվել ենք»:

«Արարատում» չէ նաեւ թիմի առանցքային ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանը, որը մեկ տարվա պայմանագիր է կնքել բելառուսական «Վիտեբսկի» հետ:

«Արարատը» գալիք մրցաշրջանին սկսել է նախապատրաստվել դեկտեմբերի 21-ից, իսկ վաղը թիմը մեկնում Խորվաթիա ուսումնամարզական հավաքի:

«Մոտ մեկ ամիս կհանգրվանենք Զագրեբի քիչ հեռու գտնվող ծովափնյա Ետուլայ քաղաքում: Թիմի կազմում ընդգրկված են 22 ֆուտբոլիստ»,-ասաց Ռազմիկ Գրիգորյանը:

Նախորդ առաջնությունում Հայաստանի ամենաճանաչված ակումբը երկակի տպավորություն թողեց: Առաջնության առաջին շրջանում արարատցիները հիանալի հանդես եկան` դառնալով չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը: Երկրորդ շրջանում «Արարատում» աշխատում էր սերբ Դուշան Միհիչը, որի գլխավորությամբ թիմը անհաջող հանդես եկավ եւ բավարարվեց միայն 4-րդ հորիզոնականով:

Ռազմիկ Գրիգորյանը նշեց, որ եկող մրցաշրջանում թիմը շեշտը դնելու է հիմնականում տեղացի կադրերի վրա. «Մեր 2-րդ թիմի 6 խաղացողներ ներկայումս գլխավոր թիմում են: Բացառված չէ նաեւ, որ Խորվաթիայում նոր լեգեոներներ փորձարկենք»: