ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈւԹՅՈւՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում առաջատար Տիգրան Պետրոսյանը իր առաջին պարտությունը կրեց` սեւերով զիջելով ամենաբարձր վարկանիշ ունեցող Կարեն Ասրյանին: Հերթական անակնկալը մատուցեց պատանի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը, որը սեւերով պարտության մատնեց փորձառու Արտաշես Մինասյանին:
Վերջին տուրերում հաջող հանդես եկող Սմբատ Լպուտյանը սպիտակներով առավելության հասավ Լեւոն Բաբուջյանի նկատմամբ: Տիգրան Քոթանջյանը սպիտակներով հաղթեց Աշոտ Անաստասյանին: Ոչ-ոքի գրանցվեց միայն Զավեն Անդրեասյան - Արա Մինասյան, Տիգրան Նալբանդյան - Արսեն Եղիազարյան պարտիաներում:
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Տիգրան Պետրոսյանը, որը հաջորդ տուրում սպիտակներով մրցելու է Արտաշես Մինասյանի հետ: Սմբատ Լպուտյանը 5.5 միավորով 2-րդն է: Պատվավոր 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Սամվել Տեր-Սահակյանը, որը այսպես շարունակելու դեպքում կարող է դառնալ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկը: Մրցաշարային աղյուսակը շարունակում են եզրափակել Տիգրան Նալբանդյանը եւ Արսեն Եղիազարյանը: