«ԿԻԼԻԿԻԱՆ» ՉԻ՞ ԳՈՐԾԻ
Աջակցիր «Ա1+»-ինՍպասվում էր, որ ֆուտբոլի Հայաստանի 2009թ. առաջնությանը կմասնակցեն 9 թիմեր: Նախորդ առաջնությանը մասնակցած 8 թիմերին միանալու էր նաեւ Երեւանի «Դինամոն», որը նման իրավունք էր ստացել` առաջին խմբի առաջնությունում հաջողության հասնելով: Սակայն ամեն ինչ գնում է նրան, որ Հայաստանի առաջնությունը անցկացվի 7 թիմերի մասնակցությամբ:
Մասնավորապես Երեւանի «Կիլիկիա» ակումբը ըստ մեր ունեցած տեղեկությունների, շուտով կդադարի գոյություն ունենալ: Այս թիմի ֆուտբոլիստներից ոմանք արդեն այլ ակումբներում են, իսկ մնացածն էլ աշխատում են այդ ուղղությամբ: Նախորդ առաջնությունում «Կիլիկիան» ընդամենը 5 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը եւ ողջ առաջնության ընթացքում հանդես եկավ բացառապես երիտասարդ կադրերով: Ակումբի ղեկավարությունը դա ներկայացնում էր որպես մարտավարություն՝ հետագայում լավ թիմ ունենալու հեռնկարով: Բայց ժամանակը ցույց տվեց, որ «Կիլիկիան» պարզապես ֆինանսներ չուներ նոր խաղացողներ հրավիրելու, իսկ այս տարի այլեւս հնարավոր չէր պահել նաեւ երիտասարդներին, որոնք սիմվոլիկ աշխատավարձ էին ստանում:
Հիշեցնենք, որ ակումբի սեփականատերը հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:
Առայժմ հայտնի չէ նաեւ «Դինամոյի» ճակատագիրը: Այս թիմը եւս մարզումներ չի անցկացնում: Թիմի ղեկավարներից մեկը խոստացավ ակումբին առնչվող խնդիրների մասին խոսել մի քանի օր անց:
Ինչ վերաբերվում է առաջին խմբի առաջնությանը, ապա այնտեղ այս տարի հանդես կգան բացառապես բարձարագույն խմբի 2-րդ թիմերը, եւ ավելի ճիշտ կլինի այն կոչել ոչ է առաջին խումբ՝ այլ փոխարինողների մրցաշար: