Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐԳՏԵԼ Է ԻՐԵՆ

Սպորտ

Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի մեկնարկից առաջ Լեւոն Արոնյանը չէր դասվում ֆավորիտների շարքին: Նրա հաջողությանը չէին հավատում նաեւ բուքմեյքերական գրասենյակները` սահմանելով բարձր գործակիցներ, սակայն մեկնարկային 4 տուրերում գրանցված արդյունքները փոխեցին իրավիճակը:

Արոնյանը անցկացրած 4 պարտիաներից 2-ում հաղթեց մրցակիցներին, իսկ մնացած 2 պարտիաները ավարտեց ոչ-ոքի: Վաստակելով 3 միավոր` նա Կառլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սակայն ուրախալին ոչ միայն լավ արդյունքներն են, այլեւ Արոնյանի ցույց տված խաղամակարդակը: Մեկնարկային տուրում Լեւոնը հաղթեց Տոպալովին: Շախմատի տանը հավաքվող մարզաձեւի սիրահարները եւ վարպետները մինչ այժմ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես Արոնյանին հաջողվեց հաղթել մի պարտիայում, որի ընթացքում նա որակապես զիջում էր մրցակցին եւ այնպիսի տպավորություն էր, որ հաղթելու հնարավորություն չունի: Իր անկանխատեսելի խաղաոճով Արոնյանը նոկաուտի ենթարկեց բուլղարացի գրոսմայստերին, որը նախորդ մրցաշարի հաղթողներից մեկն է: Պատահական չէ, որ Արոնյանի մասնակցությամբ բոլոր պարտիաները յուրաքանչյուր տուրում ընդգրկվել են տուրի ամենագրավիչ 3 պարտիաների ցանկում:

Հաջող մեկնարկը թույլ է տալիս ենթադրել, որ Արոնյանը այժմ Վեյկ ան Զեեում հաղթելու գլխավոր հավակնորդներից մեկն է, եթե ոչ գլխավոր ֆավորիտը: Վաղը հայ գրոսմայստերը սպիտակներով մրցելու է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Այս պարտիան ավելի մեծ նշանակություն ունի Անանդի համար, որը լինելով աշխարհի չեմպիոն 1.5 միավորով ընթանում է 11-րդ տեղում: Սա չեմպիոնի համար նվաստացուցիչ արդյունք է: Իր հերթին Արոնյանը հաղթանակի դեպքում գործնականում կզրկի Անանդին նույնիսկ լավագույն եռյակում տեղ ունենալու հեռանկարից: Սուպերմրցաշարում փայլում է նաեւ նորվեգացի երիտասարդ գրոսմայստեր Մագնուս Կառլսենը: Ընդամենը 17 տարեկան այս պատանին հաստատուն քայլերով առաջադիմում է եւ ընթացիկ մրցաշարում կարող է հերթական անակնկալը մատուցել շախմատային աշխարհին: Կառլսենը վաղը կայանալիք 5-րդ տուրում սեւերով կմրցի իրենց 21 տարով մեծ Վասիլիս Իվանչուկի հետ, որը 2 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: Հաջող են մեկնարկել նաեւ Վլադիմիր Կրամնիկը, Թեմուր Ռաջաբովը, Հուդիթ Պոլգարը եւ Լուկ վան Վելին: Այս գրոսմայստերները 2.5 միավորով բաժանում են 3-րդ հորիզոնականը:

Բ խմբում ցավոք անհաջող է հանդես գալիս Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողը 4 պարտիաներում ընդամենը 1.5 միավոր է վաստակել եւ ընթանում է 11-րդ հորիզոնականում: Սարգսյանի խաղում վերջին շրջանում անկում է նկատվում: Հայաստանի հավաքականի կազմում նոյեմբերին փայլելով Եվրոպայի առաջությունում, Գաբրիելը անհաջողության մատնեց Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում, իսկ այժմ անվստահ է խաղում Վեյկ ան Զեեում: Այս խմբում հանդես է գալիս նաեւ Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը, որը 2.5 միավորով ընթանում է 5-րդ տեղոմ: