ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆՆ ԱՌԱՆՑ ԼԵԳԵՈՆԵՐՆԵՐԻ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 25-27-ը Երեւանում անցկացվելու է հունա-հռոմեական ոճի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու են մեր լավագույն ըմբիշները: «Առաջնության ավարտից հետո Երեւանում 7 օրյա հավաք կանցկացվի, իսկ փետրվարի 4-ին հավաքականը կմեկնի Իրան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի», - «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղար Լյովա Վարդանյանը` ավելացնելով, որ Իրանից վերադառնալուց հետո ուսումնամարզական հավաքը կշարունակվի Երեւանում:
Ազատ ոճայինների Հայաստանի առաջնությունը կկայանա փետրվարի 1-3-ը դարձյալ Երեւանում: Այստեղ առաջին 2 հորիզոնականները գրաված մասնակիցները փետրվարի 10-ին կմեկնեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ, որտեղ կմասնակցեն ուսումնամարզական հավաքի. «Բացի այդ կմասնակցեն Գրան-Պրի մրցաշարի: Ուկրաինայից նրանք կվերադառնան փետրվարի 25-ին եւ մարտի 1-ից Ծաղկաձորում հավաք կսկսեն` պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը»:
Եվրոպայի առաջնությունը այս տարի անցկացվելու է Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում` ապրիլի 1-6ը:
Նախորդ տարի հայ ըմբիշներից ընդամենը 2 օլիմպիական ուղեգրեր նվաճեցին: 2 դեպքում էլ նման հաջողության են հասել հունա-հռոմաեկան ոճի ըմբիշները, իսկ ահա ազատ ոճայինները դեռ ուղեգիր չունեն եւ այս բաց լրացնելու հնարավորություն են տալիս առաջիկա վարկանիշային մրցաշարերը: Մասնավորապես ապրիլի 20-21-ը Շվեյցարիայում կկայանա վարկանիշային մրցաշար: Եւս մեկ նմանատիպ մրցաշար կկայանա մայիսի 3-4ը Վարշավայում:
«Հունա-հռոմական ոճի ըմբիշները եւս հնարավորություն ունեն ավելացնել ուղեգրերի քանակը: Վարկանիշային մրցաշար կկայանա մայիսի 8-11-ը Իտալիայում եւ Սերբիայում կայանալիք միջազգային մրցաշարում: Հույս ունենք, որ 3-4 ուղեգիր ձեռք կբերենք ազատ ոճում եւ 2-3 հունա-հռոմեական ոճում: Մենք պլանավորել ենք, որ ըմբշամարտից մոտ 8 մարզիկ մասնակցեն օլիմպիական խաղերին», - նշեց Լյովա Վարդանյանը:
Տեղեկացնենք նաեւ, առաջիկայում կայանալիք Հայաստանի առաջնությանը չեն մասնակցի լեգեոներներ ըմբիշները, որոնք ցանկացել են Ռուսաստանում պատրաստվել առաջիկա մրցաշարերին: