Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՆՈՎ

Սպորտ

ԴՐԱԿԱՆ- 5

1.Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով պարտության մատնեց ընտրական Ա խմբի առաջատար Լեհաստանին: Այս հաղթանակը իսկական ֆուտբոլային բում առաջացրեց Երեւանում, իսկ հանդիպումից հետո մի քանի հարյուր ֆուտբոլասերներ մինչեւ ուշ գիշեր Երեւանի փողոցներում վանկարում էին` Հայաստան:

2. Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում գրավեց առաջին հորիզոնականը: Ծանրամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանի համար, սա աննախադեպ հաջողություն էր: Հայաստանը ունեցավ միանգամից 3-ական Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոն:

3. ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ Հայաստանի մարզիկները Բաքվում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Սեպտեմբերին Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության ներկա գտնվեց Հայաստանի 31 հոգանոց պատվիրակությունը: Առաջնությունը ցույց տվեց, որ ադրբեջանցիները ցանկության դեպքում կարող են ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը:

4. Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի հավաքականները հաջող մրցելույթներ ունեցան Եվրոպայի առաջնությունում: Տղամարդիկ նվաճեցին արծաթե, իսկ կանայք` բրոնզե մեդալներ: Մեր շախմատիստները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ թիմային պայքարում բավական ուժեղ են:

5. Առաջին անգամ միանգամից 2 ֆուտբոլային ակումբներ հաղթահարեցին եվրագավաթների խաղարկությունների որակավորման առաջին փուլի արգելքը: Չեմպիոնների լիգայում նման հաջողության հասավ «Փյունիկը», իսկ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում` «Միկան»: Վերջինս նաեւ դարձավ առաջին հայկական ակումբը, որին որակավորման երկրորդ փուլում հաջողվեց գոնե մեկ հանդիպում ավարտել հաղթանակով:

ԲԱՑԱՍԱԿԱՆ-5

1. Կյանքից հեռացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: Շոտլանդացի մարզիչը կարճ ժամանակահատվածում կարողացավ ստեղծել հավաքականը, որը խառնեց ընտրական Ա խմբի մասնակիցների խաղաքարտերը: Պորտերֆիլդը դարձավ մեր ֆուտբոլային հասարակության ամենասիրված անձանցից մեկը եւ նրա մահվան լուրը ցնցեց ողջ Հայաստանին: Յան Պորտերֆիլդը միանշանակ Հայաստանը ընտրանին երբեւէ գլխավորած լավագույն մասնագետն էր:

2. Հայ մարզիկներից ոչ մեկին կրկին չհաջովեց ոսկե մեդալ նվաճել աշխարհի առաջնություններում: Նախաօլիմպիական տարում չունենալով ոչ մի ոսկե մեդալ, մնում է հուսալ, որ Պեկինում կայանալիք 2008թ. օլիմպիական խաղերում մեր մարզիկները մարզական սխրանք կգործեն:

3. Այս տարի որոշ մարզաձեւեր քաղաքականացվեցին եւ դարձան իշխանական կուսակցությունների նախընտրական պայքարի մի մասնիկը: Խոսքը վերաբերվում է ծանրամարտին եւ շախմատին: Այս մարզաձեւի ներկայացուցիները հանդես գալով համապատասխանաբար «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ-ի օգտին` խորը հիասաթափություն առաջցրեցին մարզասերների շարքում:

4. Աշխարհի արդեն նախորդ գավաթակիր Լեւոն Արոնյանը խիստ անհաջող հանդես եկավ աշխարհի չեմպիոն կոչման մրցաշարում գրավելով ընդամենը նախավերջին տեղը: Հունվարին փայլելով Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարում` Արոնյանը այնուհետեւ սկսեց ոչ կայուն խաղ ցուցադրել եւ չարդարացրեց սպասելիքները:

5. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վաչագան Ավագյանը ազգային թիմի ճամբարից փախուստի դիմեց ԱՄՆ-ում հոկտեմբերին կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Պարտվելով հենց առաջին փուլում` հայ բռնցքամարտիկը, մարզչից թաքուն վերցնելով իր անձնագիրը, Չիկագոյից հեռացել էր Լոս Անջելես: Որքան էլ փորձել էին հայկական պատվիրակության անդամները ետ բերել Ավագյանին, դա չէր հաջողվել: Միջազգային ԶԼՄ-ները անմիջապես հաղորդեցին հայ մարզիկի փախուստի մասին լուրը: