ՀԱՄԵՄԱՏՈւԹՅԱՆ ԵԶՐԵՐ ՉԿԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին մեր մարզական ֆեդերացիաները ամփոփում են տարին, հաշվետվություններ ներկայացնում, մամուլի ասուլիսներ հրավիրում: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նաեւ սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը, որը տարբեր թվերով եւ փաստերով փորձել է ներկայացնել, թե որքան հաջող էր տարին հայկական սպորտի համար եւ որքան մեծ ծավալի աշխատանք է կատարվել:
Արդեն շատ է խոսվել այն մասին, որ այս տարին հաջող էր միայն ծանրամարտի համար եւ մնացած մարզաձեւերում առանձնապես լուրջ ձեռբերումներ տեղի չեն ունեցել: Նախաօլիմպիական տարում Արմեն Գրիգորյանի ներկայացրած իրավիճակը փաստում է, որ Հայաստանում սպորտը զարգացնելու այլ պատկերացումներ կան եւ 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերում առանձանպես մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ:
Համեմատության համար նշենք, որ հարեւան Ադրբեջանում արդեն իսկ խոսում են օլիմպիական խաղերում 6-7 մեդալ նվաճելու մասին: Այս խնդիրը լուծելու համար ադրբեջանցիները մեծ ներդրումներ են կատարում եւ բոլոր նախադրյալները կան, որ նպատակը իրագործվի: Իսկ Հայաստանում տարին հաջող են համարվում, երբ աշխարհի առաջնություններում հայ մարզիկներից ընդամենը 2-ին է հաջողվել մեդալի արժանանալ, այն էլ ոչ ոսկե:
Ընդհանուր առմամբ` Հայաստանի հավաքականները աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում տիրացել են 104 մեդալի (այդ թվում երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում): Մինչդեռ Ադրբեջանում այս թիվը կազմում է 452: Այսքանից հետո ադրբեջանցիները չեն զլանում սուր քննադատության ենթարկել նրանց, ովքեր չեն արդարացրել սպասելիքները, եւ նրանցից պահանջում են բարձր արդյունքներ հաջորդ տարում: Իսկ Հայաստանում շարունակում են խոսել առաջընթացի եւ լավ արդյունքների մասին`մոռանալով, որ մեր սպորտը դոփում է տեղում: Որքան էլ տարօրինակ լինի այս մոտեցումը, բայց նրա մեջ կա տրամաբանություն:
Հայտնի է, որ 2004թ. օլիմպիական խաղերում Հայաստանը չունեցավ ոչ մի մեդալ: Այս խայտառակ անհաջողության համար ոչ-ոք պատասախանատվության չենթարկվեց, ուստի եթե 2008թ. խաղերում մեր մարզիկները նույնիսկ մեկ բրոնզով վերադառնան, ապա դա ներկայիս սպորտային չինովնիկները շոշափելի առաջընթաց կհամարեն` մատնանշելով 2004թ. խայտառակությունը:
Արմեն Գրիգորյանը նշել է նաեւ, որ 2007թ. պետությունը կարողացել է անխափան աշխատանք ապահովել 59 մարզադպրոցների համար: Եթե Հայաստանում դպրոցներում առկա տարրական պայմանները նախարարը համարվում է հաջողության գրավական, ապա Ադրբեջանը հայտ է ներկայացրել 2016թ. օլիմպիական խաղերը Բաքվում անցկացնելու համար: Որքան էլ Հայաստանում քմծիծաղով վերաբերվեն Բաքվի տարբերակին, սակայն փաստ է, որ հարեւան երկրներում հսկայական մարզական համալիրներ են կառուցվում` ՄՕԿ-ին վստահություն ներշնչելու համար: Իհարկե, Բաքվուն իրավունք չի ստանա անցկացնել օլիմպիական խաղերը, սակայն այդ հայտը թույլ տվեց ադրբեջանական սպորտին ունենալ գերժամանակակից մի քանի մարզական համալիրներ, որոնց նմանը տարածաշրջանում գոյություն չունի, իսկ Հայաստանում դեռ մտածում են մարզական դպրոցների ջեռուցման մասին եւ դա մեծ հաջողություն համարվում:
Ընդհանուր առմամբ` Ադրբեջանի մարզական կյանքը անհամեմատ աշխույժ է: Այնտեղ ողջ տարին միջազգային հանդիպումներ են անցկացվում գրեթե բոլոր թիմային մարզաձեւերի հավաքականները, անցկացվում են մի շարք միջազգային մրցաշարեր (օրինակի համար` կարելի է նշել 2007թ. ըմբշամարտի աշխարհի առաջնությունը): Բացի այդ պետությունը մեծ միջոցներ է տրամադրում մարզական ֆեդերացիաներին: Իսկ Հայաստանում մեծ գումարներ են ստանում նրանք, ովքեր որոշակի արդյունքներ են ցուցաբերում:
Օրինակ` օլիմպիական մարզաձեւ համարվող բադմինտոնը կամ հոկեյը ոչինչ չեն ստանում բետբյուջեից, ուստի այս մարզաձեւերից հաջողություն ակնկալելը հնարավոր չէ: Մի շարք մարձաձեւեր էլ սիմովլիկ գումարներ են ստանում եւ մի կերպ պահում իրենց գոյությունը: Դեռ ավելին, ըստ Արմեն Գրիգորյանի մշակվել է ծրագիր, համաձայն որի առաջիկայում մարզական ֆեդերացիաները կֆինանսավորվեն ըստ նախորդ տարի ցույց տված արդյունքների: Այդ դեպքում Հայաստանում գործող մի շարք թիմային մարզաձեւերի մասին կարելի է մոռանալ եւ կենտրոնանալ միայն ծանրամարտի եւ ըմբշամարտի վրա: