ԿՊԱՅՔԱՐԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈւՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի հայկական հոկեյի պատմության մեջ երկու կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել: Առաջինը` հոկեյի միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովն է ժամանել Երեւան եւ բավական լավ գնահատականի արժանացրել հայկական ֆեդերացիայի աշխատանքը: Եվ երկրորդ. «Բացի այդ արդեն իրավունք ենք ստացել հայտ ներկայացնել օլիմպիական խաղերի մասնակցության համար եւ հաջորդ տարի հանդես կգան օլիմպիական ընտրական փուլում` պայքարելով 2010թ. Վանկուվերում կայանալիք օիլիմպիական խաղերի ուղեգրի համար», - ասում է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը:
Մեր հոկեյիստների ելույթներից ֆեդերացիայի նախագահը ընգդծեց 21 տարեկանների հավաքականի հաջող խաղը տարեսկզբում Թուրքիայում կայացած ընտրական հանդիպումներում, որտեղ Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտության մատնեց նաեւ Թուրքիային: Իսկ ահա Հայաստանի հավաքականը Իռլանդիայի դեսպանատնից մերժում ստանալով արհեստականորեն հայտնեց խաղից դուրս վիճակում եւ չկարողացավ մեկնել Իռլանդիա մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին.«Այս խնդիրը լուծվեց մեր օգտին եւ մենք որեւէ պատժամիջոցի չենք ենթարկվել Իռլանդիա չմեկնելու համար: Պարզվեց, որ դա նրանց սխալ աշխատանքի արդյունք էր, ուստի Հայաստանը դրա համար պատասխանատվություն չի կրում: Հետագայում նման միջադեպերից խուսափելու համար Իռլանդիային խիստ զգուշացում է տրվել եւ նշվել է, որ հաջորդ անգամ թիմին պարզապես դուրս կհանեն մրցաշարից»:
Քանի որ Հայաստանի ազգային թիմը այս տարի չի մասնակցել այդ մրցաշարին, հաջորդ տարի ելույթները սկսում է ընտրական նոր փուլից, որտեղ Բոսնիայիում մրցելու է տեղի հավաքականի ինչպես նաեւ Հունաստանի հետ: Հաջորդ տարի ՀՀՖ-ն հնարավորություն կունենա նաեւ միջազգային հանդիպումներ անցկացնել Երեւանում, քանի որ վերակառուցումից հետո նման հնարավորություն է ընձեռում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը.«Այնտեղ բավական լուրջ աշխատանքներ են կատարվում: Մենք բանավոր համաձայնություն ունենք: Պետք է, որ այդ կառույցը ծառայի ի շահ սպորտի»: Ներկայումս ընդմիջում է հայտարարվել Հայաստանի առաջնությունում, քանի որ հունվարից Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները մասնակցելու են աշխարհի առաջնության ընտրական փուլերին. «Չենք կարող թույլ տալ, որ մեր հավաքականի անդամները, իրար դեմ հանդես գալով, միմյանց վնասվածքներ հասցնեն, քանի որ շատ շուտով նրանք ներգրավվելու են աշխարհի առաջնություններում»:
Թեեւ հոկեյը օլիմպիական եւ թիմային մարդաձեւ է, պահանջում է մեծ ծախսեր, սակայն 2008թ. Հայաստանի բյուջեից այն կրկին դուրս է մնացել: Կարեն Խաչատրյանը դժգոհեց այս հանգամանքից, նշելով, որ որոշակի արդյունքներից հետո հնարավոր կլինի պետությունից պահանջել գումար. «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք նախարարության հետ եւ լուրջ համագործակություն կա: Սկզբունքորեն նրանք ինչով կարողանում են` օգնում են: Ինձ թվում է` առայժմ վաղ է ֆինանսական պահանջներ ներկայացնել»: