«ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԺՎԱՐ Է»
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ձյուդոիստների համար տարին բավական հագեցած էր: 2007թ. հայկական ձյուդոյի համար նշանավորվեց առաջին հերթին նշանավորվեց նվաճված օլիմպիական ուղեգրերով: Եթե նախկինում այս մարզաձեւից Հայաստանը օլմիմպիական խաղերում ունեցել է ընդամենը մեկ մասնակից, ապա 2008թ. Պեկինում կայանալին խաղերի ուղեգիր է նվաճել արդեն 2 ձյուդոիստ:
«Այս տարի մասնակցել ենք բոլոր նախատեսված մրցաշարերին: Պատանիների պայքարում մինչ այս ունեցել էինք մրցանակակիրներ եւ չեմպիոններ, բայց ցածր քաշային կարգերում, իսկ այս տարի Մալթայում 90կգ քաշային կարգում ունեցանք բրոնզե մեդալակիր: Երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ Հակոբ Առաքելյանը եւ Անուշ Հակոբյանը գրավեցին մրցանակային տեղեր»- ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:
Մեծահասակների աշխարհի առաջնության ժամանակ Արմեն Նազարյանը, գրավելով 5-րդ տեղը, միանգամից իրավունք է ստացել մասնակցել օլիմպիական խաղերին: Այս խնդիրը գործնականում լուծել է նաեւ Հովհաննես Դավթյանը, որը 180 միավորով իր քաշային կարգում ընթանում է 2-րդ տեղում: Դավթյանը նաեւ այս տարի դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Համբուրգում կայացած սուպերգավաթի խաղարկությունում գրավել է առաջին տեղը. «Ընդհանուր առմամբ հաջող ստուգատեսներ ենք անցել եւ հատկապես կընդգծեի Հովհաննես Դավթյանի ցույց տված արդյունքները: Մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը ունենք 5 վարկանիշային մրցաշար, որոնցում մեր մարզիկները դեռ կարող են ավելացնել ուղեգրերի քանակը: Հույս ենք տածում Անուշ Հակոբյանի եւ Ղազարոս Գրիգորյանի վրա: Պետք է ընդգծել, որ ձյուդոյի պատմության մեջ նմանատիպ արդյունք չի եղել: Թե խորհրդայաին ժամանակներում, թե անկախացած Հայաստանում, օլիմպիական խաղերում ունեցել ենք 1 մասնակից, իսկ այս տարի խաղերի մեկնարկից 1 տարի առաջ արդեն ունենք 2 ուղեգիր»:
Ձյուդոն այն եզակի անհատական մարզաձեւերից է, որտեղ տարեկան օրացույցը խիստ հագեցած է, եւ գրեթե ամեն շաբաթ միջազգային որեւէ միջազգային մրցաշար է անցկացվում: Բնականաբար այս ծախսերը միայն պետական բյուջեով հատկացված գումարներով հնարավոր չէ հոգալ. «Տարվա ընթացքում միջոցառումների քանակը գերազանցում է 115-ը: Բայց մենք մասնակցում ենք այդ միջոցառումների 35-40 տոկոսին: Մնացած 60 տոսկոսին չենք կարողանում մասնակցել ֆինանսական խնդիրների պատճառով: Իհարկե, մենք ունենք հովանավորներ, որոնք հիմնականում իմ ընկերական շրջապատից են: Պետք է նշեմ, որ Երեւանում անցկացված Գրան Պրի մրցաշարը անցկացվեց «Կոնյակի եւ գինու կոմբինատի» աջակցության շնորհիվ: Իսկ մնացած ծախսերը ես կարողանում եմ ինքս կազմակերպել»:
Բյուջեից ձյուդոյին հատկացվում է 69 մլն դրամ: Առաջին հայացքից թվում է, թե սա մեծ թիվ է, սակայն համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում ձյուդոյին տրամադրում են 1.5 մլն եվրոյից ավել գումար, իսկ Ֆրանսիայում ձյուդոյի տարեկան բյուջեն գերազանցում է 60 մլն եվրոն. «Ներկայումս ձյուդոյում հաջողություն ունենալը սարսափելի դժվար է: Այս մարզաձեւը զարգացած է մի շարք երկրներում եւ այսօր նույնիսկ աֆրիկական երկրներն են մասնակցում կարեւորագույն մրցաշարերին»:
Ձյուդոյով զբաղվելու հնարավորություն Հայաստանում ունեն մի շարք քաղաքներում, որոնցից Ալեքսան Ավետիսյանը առանձնացրեց Էջմիածինը, Գյումրին, Վանաձորը, Հրազդանը, Արտաշատ, Արարատը, Նոր Հաճնը եւ Արմավիրը. «Հավաքականի կեսը գյումրեցիներ են: Շատ լավ են սկսել աշխատել Վանաձորում: Հրազդանը եւս լավ աշխատանք է կատարում եւ այնտեղից են հայտնի ձյուդոիստներ Վարուժան Իսրայելյանը, Արմեն Նազարյանը, Մեսրոպ Բարբարյանը, Աշոտ Վարդիկյանը; Հրազադանում այժմ սերնդափոխություն է տեղի ունենում: Ցավոք, ձյուդոյի խմբակներ չեն գործում Սեւանի ավազանում»:
Երեւանում առավել աչքի են ընկնում «Հայաստան» եւ «Դինամո» մարզական միությունների, օլիմպիական քոլեջի, եւ ՀԱԹ-ում գտնվող մարզադպրոցի սաները: