Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՐԻՆ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ

Սպորտ

Հայաստանում գործող մի շարք մարզաձեւեր ամփոփում են տարին, իսկ դահուկավազքի համար դեռ նոր է սկսվել բուն մրցաշրջանը: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան իր մեջ ներառում է 2 մարզաձեւ` լեռնադահուկային մարզաձեւը եւ դահուկավազքը:

«Դահուկասպորտը իր գործունեությունը իրականացնում է հիմնականում Հայաստանի ձյունառատ շրջաններում: Հիմնականում դա Շիրակի մարզն է` Աշոցք, Ախուրյան, Գյումրի եւ իհարկե Հրազդանը, Ծաղկաձորը, Վանաձորը: Զարգացնում ենք եւս 2 շրջան: Խոսքը Ապարանի եւ Մարտունու մասին է: Այսօր նաեւ մեծ աշխատանք է կատարվում Ջերմուկում», - նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան, լինելով համաշխարհային ֆեդերացիայի անդամ, ներկայումս դասվում է զարգացող ֆեդերացիաների շարքին. «Մենք հաստատուն քայլերով զարգացնում ենք եւ այս տարին բավական հաջող էր մեզ համար: Ամռանը մենք անգործ չէինք եւ առաջին անգամ միջազգային ճանաչում ստացավ սահուղի, որը գտնվում է Ծաղկաձորում` Թեղենիսի լանջին: Միջազգային տեսուչը, գտնվելով այնտեղ, սահուղուն միջազգային կոչում տվեց, եւ մենք իրավունք ստացանք անցկացնել միջազգային վարկանիշային մրցաշարեր: Առաջին նմանատիպ մրցաշարը կանցկացվի 2008թ. մարտի 20-25-ը»:

Ըստ Սարգսյանի` ժամանակին դա մեզ համար երազանք է եղել եւ այն իրականացնելուն նպաստել է Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնի վերակառուցումը. «Նոր ճոպանուղի, նոր սահուղի, նոր տեխնիկա: Այս ամենը շատ կարեւոր հանգամանք էր, որպեսզի սահուղին ստանար միջազգային ճանաչում»: Հայ դահուկորդները արդեն հոկտեմբերից սկսել են մասնակցել միջազգային դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզումային ծրագրին, որը տեւելու է մինչեւ փետրվար: Այդ ընթացքում նրանք մարզվելու են բավական ուժեղ մարզիկների ընկերակցությամբ, բացի այդ մասնակցելու են մի շարք մրցաշարերի:

Նախատեսվում է նաեւ հունվարին 2 առաջատար դահուկավազորդների մարզիչների ուղեկցությամբ ուղարկել Չեխիայի Լիբերեց քաղաք, որտեղ կկայանա միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մարզումային եւ վերապատրաստման ծրագիրը:

Դրանից հետո Հայաստանի պատվիրակությանը կուղեւորվի Լեհաստան` մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Դահուկասպորտում ֆինանսական ծախսերը գրեթե կրկնակի են, քանի որ մարզագույքը այստեղ բավական թանկ հաճույք է: Սակայն ՀԴԿ-ն վերջին տարիներին նման խնդիրներ չի ունենում. «Ի պատիվ մեր ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանի` գրեթե գույքի խնդիր չունենք: Բացի այն, որ մեր առաջատար մարզիկները հագնում են ամենաժամանակից հանդերձանքը, անցած տարի մենք կարողացանք մասսայական գույքի խնդիր լուծել»:

Ի դեպ, դահուկորդները մարզվում են ողջ տարին եւ նույնիսկ ամռանը պարպուրդի չեն մատնվում. «Հիմնականում ֆիզիկական պատրաստվածության վրա են շեշտը դնում: Դահուկավազորդները ունեն անվադահուկներ, որոնք ամրացվում են հատուկ ալյումինե սարքերի եւ իրականացնում են մարզումներ: Գրեթե նույն տեխնիկան է, եւ հնարավորություն է տալիս մարզվել նաեւ տարվա այն ժամանակահատվածում, երբ ձյուն չկա»: