Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԱԶԻ ԵՐԵՍ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

Մարզեր

Երեկ տեղացած առատ ձյան հետեւանքով այսօր Գյումրիի առավել երթեւեկելի փողոցները սառցակալված էին ու դժվարանցանելի: Քաղաքի կենտրոնական փողոցներն անգամ սառցակալած են ու դժվար երթեւեկելի:

Քաղաքապետարանը ձմռանը նախապատրաստվել է բարեխղճորեն, բայց այս կառույցի համար երեւի դեռ ձմեռ չի եկել: Այլ կերպ հնարավոր չէ որակել սառցակալած փողոցների առկայությունը: Ամբարած ավազն ու աղը մի քանի փողոցներում երեւում է տոնից տոն միայն, ասենք վարչապետի ու նախագահի այցելության ժամանակ:

Հայելանման փողոցներում վթարից խուսափելու համար վարորդներից առավելագույն զգուշություն է պահանջվում, որովհետեւ, ինչպես իրենք են ասում, ձմեռային անիվներն անգամ իրենց չեն արդարացնում:

Այնուամենայնիվ, քաղաքապետարանի պատասխանատու բաժինը տեղեկացնում է, որ ամբարվել է 400խմ ավազ: Դա նախատեսված է միայն կենտրոնական փողոցների համար: Մինչեւ օրս, սակայն, հստակ չէ, թե ինչ կարգով են Գյումրիում ընտրվում այս փողոցները, քանզի կենտրոնականներից շատերը ավազի երես այդպես էլ չեն տեսնում: Օրինակ` Տերյան փողոցը կենտրոնական լինելուց բացի, նաեւ դեպի Երեւան եւ մի շարք համայնքներ տանող հիմնական փողոցն է, սակայն աղ ու ավազ է տեսնում միայն պորտֆելով մարդկանց այցի ժամանակ:

ՑԱՅԳ ՀԸ

Գյումրի