Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՏՐՎԱԾ ԵՂԵՎՆԻՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՏՈՆԱԾԱ՞Ռ

Մարզեր

Գյումրին պատրաստվում է դիմավորել ամանորը տոնական միջոցառումներով եւ բարձր տրամադրությամբ։ Միջոցառումների սկիզբն, ըստ պատասխանատուների, կազդարարվի դեկտեմբերի 30-ին եւ կշարունակվի մինչեւ Հին նոր տարի:

Գյումրիի քաղաքապետարանն արդեն սկսել է քաղաքը տոնական տեսքի բերելու աշխատանքները: Կենտրոնական հրապարակում ավարտվել են քաղաքի գլխավոր տոնածառի կարկասի տեղադրման աշխատանքերը: Վերջնական տեսքով տոնածառը գյումրեցիներին կներկայանա դեկտեմբերի 22-ին:

Քաղաքապետարանի լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, այս տարի կենտրոնկան հրապարակի տոնածառի բարձրությունը գերազանցելու է նախորդ տարիներինը:

Այն լինելու է 25 մ եւ ավելի, այսինքն անցած տարվանից 4մ-ով բարձր: Հարկ է նշել,որ հրապարակի եղեւնու բարձրության վերաբերյալ պատասխանատուները հստակ պատասխաններ չեն տալիս: Ճշտված չեն նաեւ, թե որքան եղեւնիներ են օգտագործվելու գլխավոր տոնածառի զարդարման համար:

Գյումրեցիներից շատերն համոզված են, որ քաղաքապետարանն օգտագործելու է Գյումրիի Հայուհու հրապարակի կտրված եղեւնիները:

Քաղաքապետարնից հավաստում են, որ այս տարի յուրօրինակ է լինելու նաեւ քաղաքի լուսավորությունը: Տոնական օրերին կենտրոնական փողոցներում նախատեսվում է լուսավորումը ժամը 24-ի փոխարեն դարձնել մինչեւ գիշերը ժամը 3-ը: Խոսքը վերաբերում է միայն գլխավոր փողոցներին:

Այս տարի էլ բոլոր մշակութային հիմնարկներում եւ օջախներում նախատեսվում են կազմակերպել ավանդական ամանորյա միջոցառումներ: Համենայն դեպս, դրանց ծրագերը կան Մշակույթի բաժնում:Իսկ թե ընդհանուր առմամբ` տոնական միջոցառումների կազմակերպման համար ինչքան գումար է նախատեսված դեռ պարզ չէ:

Ի դեպ, Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արա Պապանյանի հավաստմամաբ` այս տարի դեկտեմբերի 31-ի միջացառման ժամանակ քաղաքապետարանի բոլոր բաժինները ներկայացնելու են իրենց աշխատանքն՝ ի լուր համաքաղաքացիների:

Արմենուհի Մինասյան

Գյումրի