Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ «ԵՐԱԶԱՆՔ»-Ը ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ ՈՒՆԵՐ

Մշակույթ

«Մեկ միավորը ոչինչ չի փոխում, մենք հաղթել ենք: Մեզ պակասում է միայն մանկական «Եվրատեսիլ»-ի արձանիկը եւ վերջ»,- վստահ է «Արեւիկ» մանկական անսամբլի կատարողներից 11-ամյա Անահիտը: Ընդամենը մեկ միավորի տարբերությամբ այդ արձանիկը բաժին հասավ Բելառուսին: Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված մանկական «Եվրատեսիլ»-ում «Արեւիկ» անսամբլի «Երազանք» երգը հավաքել էր 136 միավոր` գրավելով երկրորդ տեղը:

«Արեւիկ»-ի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանի կարծիքով՝ դա քաղաքականություն էր, որ 4 երկիր մեզ ընդհանրապես ձայն չտվեցին: «Հատուկ վերաբերմունք կար մեկը մյուսի նկատմամբ: Մեր նկատմամբ էլ հակառակ վերաբերմունքը ցուցաբերեցին, որ մենք միավորներով ետ ընկնենք եւ փաստորեն կարողացան: Իհարկե շատ տհաճ էր եւ մի քիչ էլ իրականությանը չէին համապատասխանում վերջին բալերը, բայց գնահատական տալ չեմ կարող, քանի որ չգիտեմ, թե ինչ իրավիճակում, ինչ կարգով է դա արվել: Համերգից հետո, սակայն, բորորը նեղված էին, որ մենք առաջին տեղը չէինք գրավել»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Դիվանյանը:

Արեւիկցիները, սակայն, չէին հիասթափվել ու գտնում են, որ միեւնույն է՝ իրենք են հաղթողը: Ինչպես նաեւ դա էր վկայում մրցույթից առաջ իրականացված ինտերնետային քվերակությունը, որի ժամանակ «Արեւիկ»-ը «Եվրատեսիլ»-ի կայքում գրեթե միշտ առաջատարն է եղել: Երեխաների համար, փաստորեն, այնքան էլ անակնկալ չէր, որ իրենք առավելագույն գնահատականները կստանան: «Կարող ենք ասել՝ համոզված էինք, որ առաջին եռյակում հաստատ կլինենք՝ թե ինտերնետային քվեարկության շնորհիվ, թե մանավանդ, երբ լսեցինք բոլորի ելույթները»,- պատմում է 15-ամյա Մարիանան, որը նաեւ երգի երաժշտության հեղինակն է եւ կատարողներից մեկը:

Փոքրիկ Անահիտին, օրինակ՝ դուր չէր եկել մի քանի մասնակիցների երգերը, քանի որ նրանց թեմաները, ըստ նրա՝ այնքան էլ մանկական չէին ու ավելի շատ «մեծական էին»: «Ինձ թվում էր, որ երգերի թեմաները պետք է համապատասխան լինեին փառատոնի գաղափարին: Տարօրինակ էր, մենք չէինք սպասում, որ մանկական «Եվրատեսլ»-ում նման բան կլիներ: Իսկ մեր երգի թեման բոլորին դուր էր եկել. դահլիճում գտնվողները մեզ հետ հավասար անգիր երգում էին մեր երգը հայերենով, ճիշտ է, շատ հաճախ չհասկանալով բառերը»,- պատմում է նա:

Արեւիկցիները շատ են շրջագայել, հանդես եկել բազմաթիվ բեմերից: Բայց այս փառատոնը, ըստ նրանց՝ կարեւոր ու լուրջ էր այն իմաստով, որ այստեղ ոչ միայն երգն էին ներկայացնում կամ իրենց վոկալը, այլ հանդես էին գալիս իբրեւ ազգի, երկրի երգի դեսպան: Ինչ վերաբերում է մրցույթի ժամանակ երեխաների կաշկանդվածությանը, ապա Մարիանայի վստահեցմամբ՝ դա ավելի շատ եթերով է զգացվել, քանի որ « իրենք իրականում շատ ազատ ու անկաշկանդ էին»: Հիմնական խնդիրը տեխնիկական է եղել: Երեխաները չէին կարողացել լսել իրենք իրենց, քանի որ «ֆոնոգրաման մի քիչ ցածր է եղել»:

Հայրենիք վերադառնալուց հետո երեխաներն անդադար զանգեր ու sms հաղորդագրություններ են ստանում: «Մեր տան, այսպես ասած՝ դիսպետչերն եմ դարձել: Այնքան շատ զանգեր եմ ստանում եւ լավ խոսքեր ու բարեմաղթանքներ», -ասում է Անահիտը: «Այսքան sms-եր ու զանգեր չէի ստացել: Յուրաքանչյուր զանգի մեջ մի ինչ-որ ոգեւորություն կա, յուրահատուկ շունչ: Նույն բառերն են կարծես թե, սակայն մեր բոլորիս մեջ այս օրերին մի տեսակ միասնականություն կա: Մենք շատ հպարտ ենք, որ այդ միասնականության մի փոքրիկ մասնիկն ենք, պատճառը»,- ասում է Մարիանան:

Հնարավո՞ր է, որ հաջորդ տարի եւս Եվրատեսիլին մասնակցի արեւիկցի:

Արմեն Դիվանյանը դեմ է, քանի որ, ըստ նրա՝ էլի կան շատ շնորհալի երեխաներ. «Միայն «Արեւիկ»-ով չսահամանփակվենք: Սակայն եթե նորից որոշվի, որ մենք ենք գնալու, ուրեմն, ինչ անենք՝ կգնանք»: