Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Սպորտ

Ֆրանսիայի Կանն քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունների ընտրական փուլերի վիճակահանությանը Հայաստանից մասնակցել էին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ պաշտոնակատար Վարդան Մինասյանը եւ ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը:

Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչեւ 19 տարեկաների մասնակցությամբ ընտրական փուլի հանդիպումը Հայաստանում անցկացնելու տարբերակը հաղթել է երկատարեւ քննարկումից հետո. «Վիճակահանությունից անմիջապես հետո 7-րդ խմբում ընդգրկված Հայաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները սկսեցին բանացել:

Սկզբում բոլորն էլ առաջարկում էին մրցաշարը անցկացնել իրենց հարկի տակ: Որոշ փաստարկներ ներկայացնելու հետո թեկնածուների թիվը կրճատվեց 2-ով եւ պայքարը ընթանում էր արդեն Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Քանի որ մենք չէինք ցանկանում, որ մրցաշարը կայանա Ուկրաինայում, իսկ ուկրաինացիները չէին ցանկանում մրցել Հայաստանում, ուստի անցկացվեց վիճակահանություն, որի արդյունքում էլ Հայաստանը ստացավ նման իրավունք»: Վերը նշված 4 հավաքականները Երեւանում Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարի հանդիպումները կանցկացնեն 2008թ. մայիսի 22-27-ը, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ մարզադաշտերում. «Այս հարցը դեռ չի քննարկվել»:

Կաննում կայացել է նաեւ մինչեւ 17 եւ 19 տարեկան հավաքականների հաջորդ տարվա ընտրական հանդիպումների վիճակահանությունը: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 2008թ. աշնանը կներգրավվի Եվրոպայի արդեն 2009թ. առաջնության ընտրական փուլին Նորվեգիայի, Սլովակիայի եւ Սլովենիայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան Սլովենիայում: 17 տարեկանների մրցակիցները կլինեն Իսպանիան, Անգլիան եւ Էստոնիան: Այս հավաքականները կմրցեն Իսպանիայում: