ՄՐՑԱՇԱՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈւ Է ԵՐԵՎԱՆՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական 7-րդ խմբի հանդիպումներն ամենայն հավանականությամբ հաջորդ տարի կանցկացվեն Երեւանում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը. «Որքանով տեղյակ եմ մրցաշարն անցկացվելու է Երեւանում: Վիճակահանությանը ներկա են գտնվել Վարդան Մինասյանը, Արմեն Մելիք-Բեկյանը, եւ Երեւանում մրցաշարը անցկացնելու հարցը որոշվել է տեղում»:
Հայաստանի հավաքականն այս խմբում հանդիպելու է Իսպանիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Գյուլբուդաղյանցը ընգծեց, որ մրցակիցները բավական ուժեղ են. «Ինչպես գիտեք վերջին 8 տարիների ընթացքում Իսպանիայի պատանեկան հավաքականը շատ բարձր արդյունքներ է ցույց տավել: Դառնում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ կամ մրցանակակիրներ:
Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի վերջին 2 առաջնություններում նվաճել է չեմպիոնի կոչումը: Թուրքիայում էլ պատանեկան ֆուտբոլը լավ հիմքերի վրա է դրված: 1988թ. ծնվածների նրանց հավաքականը ժամանակին դարձավ Եվրոպայի չեմպիոն 17 տարեկանների պայքարում: Ուկրաինան եւս բավական ուժեղ թիմ է»: Հավաքականի մարզիչը նշեց, որ առայժմ կոնկրետ խնդիր դրված չէ 19 տարեկանների առջեւ. «Վիճակահանությունից ժամեր են անցել եւ դեռ պետք է քննարկենք, ուսումնասիրենք իրավիճակը: Մենք նաեւ կազմը համալրելու խնդիրներ ունենք: Սպասում ենք, որ Մոսկվայի «Սպարտակից» կժամանի Մելոյանը, Գերմանիայից` Հայրապետյանը»:
Ի դեպ, Երեւանում արդեն 2 անգամ անցկացվել է մինչեւ 17 տարեկանների ընտրական փուլի մրցաշար: Իսկ ահա 19 տարեկանների ընտրական փուլի հանդիպումներ մեր հանրապետությունում առայժմ չեն կայացել: