ՏԵՂՅԱԿ ՉԷՐ ՄԻԱՅՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական ֆուտբոլային ակումբների այն գլխավոր մարզիչները, որոնք չունեն ՈւԵՖԱ-ի մարզչական Բ կարգի արտոնագիր, պատրաստ են շուտով մասնակցել ՀՖՖ-ի կողմից անցկացվող դասընթացների եւ ստանալ դրանք:
Ինչպես արդեն հաղորդել էինք` նման խնդիր ունեին Արկադի Անդրեասյանը «Միկայից», Սամվել Պետրոսյանը «Գանձասարից», Սուրեն Բարսեղյանը «Ուլիսից» եւ Ժորա Բարսեղյանը «Շիրակից»:
Սուրեն Բարսեղյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ նման խնդիր կա. «Դեկտեմբերի 10-ից ֆեդերացիան անցկացնելու է արտոնագրման դասընթացներ, որոնց պատրաստվում եմ մասնակցել նաեւ ես»:
«Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը ասաց, որ տեղյակ չէ այս խնդրի մասին: Նրա փոխարեն «Միկա» ակումբում հայտնեցին, որ խնդիրը շատ հանգիստ կարելի է կարգավորել, եւ Արկադի Անդրեասյանը անպայման մասնակցելու է դասընթացներին: Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանը եւս պատրաստվում է ստանալ արտոնագիր. «Շուտով կգամ Երեւան դասընթացներին մասնակցելու համար»: Բարսեղյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստները գտնվում են արձակուրդի մեջ, սակայն դեկտեմբերի 23-ից վերսկսելու են մարզումները:
Չհաջողվեց կապ հաստատել միայն Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի հետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների նա եւս պատրաստակամություն է հայտնել մասնակցել դասընթացներին: Հիշեցնենք, որ առանց ՈւԵՖԱ-ի մարզչական Բ կարգի արտոնագրի մարզիչները իրավունք չունեն աշխատել բարձրագույն խմբի ակումբներում: