Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՈՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԹԱՓՈւՐ

Սպորտ

Հրաժարական է տվել ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Միքայելյանը, որը միաժամանակ մարզում էր նաեւ Հայաստանի մինչեւ 17 եւ19 տարեկանների հավաքականը եւ «Քոլեջ» ակումբը:

«Ա1+»-ի հետ զրույցում Միքայելյանը նշեց, որ հրաժարականի պատճառ է հանդիսացել վերջերս Հայաստանի հավաքականի ունեցած անհաջող ելույթները. «Ստուգողական հանդիպումներում պարտվեցինք Խորվաթիայի եւ Մակեդոնիայի հավաքականներին, թեեւ կարող էր այլ արդյունք գրանցվել, եթե մեր դարպասապահները անվստահ խաղ չցուցադրեինք»:

Միքայելյանը ավելացրեց նաեւ, որ Հայաստանի հավաքականը արդեն կայացած թիմ է. «Այս թիմով մենք արդեն որոշակի հաջողություններ ունեցել ենք եւ հաջորդ մարզիչը իր տրամադրության տակ կունենա պատրտասի թիմ: Նույնը վերաբերվում է նաեւ մինչեւ 19 տարեկանների հավաքականին»:

Պետք է ընդգծել, որ Հայաստանում այսօր ընդամենը 60 ֆուտբոլիստուհիներ կան, որոնց գերակշռող մասը հանդես են գալիս «Քոլեջ» թիմում: Ունենալով նման նեղ ընտրության հնարավորություն` Մհեր Միքայելյանը անցած տարի Հայաստանի հավաքականի հետ բավական հաջող էր հանդես եկել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում` հաղթելով Լատվիայի հավաքականին, որտեղ ֆուտբոլիստուհիների թիմը գերազանցում է 70 հազարը:

Առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու Միքայելյանին Հայաստանի կանանց հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում: «Քոլեջ» ակումբի նախագահ, Հայաստանում կանանց ֆուտբոլի հիմնադիր Հրաչյա Գրիգորյանը հայտնեց, որ դա պետք է որոշի ՀՖՖ-ն. «Վաղը ֆեդերացիայի գործադիր տնօրենը կվերադառնա Երեւան եւ այս հարցը կքննարկվի»: