ՀԱՍՈՒՆԱՆՈւՄ Է ՍԿԱՆԴԱԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական ֆուտբոլում մեծ սկանդալ է հասունանում: Բարձրագույն խմբի միանգամից 4 ակումբների գլխավոր մարզիչներ առայժմ չունեն ՈՒԵՖԱ-ի Բ կարգի լիցենզիա, առանց որի նրանք իրավունք չունեն աշխատել իրենց թիմերում:
«Ըստ ՈւԵՖԱ-ի նոր պահանջների, որ այս տարվանից է կիրառվելու, թիմի գլխավոր մարզիչը առնվազն պետք է ունենա Բ կարգի լիցենզիա: Դրանից ցածր արդեն հնարավոր չէ: Այս պահի դրությամբ նման խնդիր ունեն «Գանձասար», «Ուլիս», «Միկա» եւ «Շիրակ» ակումբները», - «Ա1+»-ին հայտնեց ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը:
«Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, «Շիրակի» գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանը, «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը եւ «Գանձասարը» գլխավորող Սամվել Պետրոսյանը առայժմ չունեն Բ կարգի լիցենզիա: Այդպիդի լիցենզիա փորձառու այս մասնագետները կարող են ստանալ ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող հատուկ դասընթացների միջոցով, որոնք տեւում են մոտ 1 ամիս:
Խնդիրը կարգավորելու համար վերը նշված ակումբներին է դիմել ՀՖՖ ուսումնամեթոդական բաժնի պետ Արամ Գրիգորյանը, արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը: Որոշ ժամանակ անց այս բաժիների ղեկավարների խնդրանքով ակումբներին դիմել է նաեւ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
«Արամ Գրիգորյանը նաեւ հստակ ժամկետներ է ներկայացրել, թե երբ կարող են մարզիչները անցնելդասընթացները եւ ստանալ արտոնագիրը», - նշեց Առնո Սարգսյանը ավելացնելով. «Խնդիրը այն է, որ եթե մարզիչները չունենան այդ լիցենզիան, ապա ակումբների լիցենզիան եւս մերժվում է եւ նրանք իրավունք չեն ունենա հանդես գալ 2008թ. բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին: Մինչեւ հունվարի 25-ը մարզիչները կամ պետք է ստանան այդ արտոնագիրը, կամ գոնե մինչեւ այդ սկսեն մասնակցել դասընթացներին»: