ԳՏՆՎՈւՄ ԵՆ ԱՐՁԱԿՈւՐԴՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլային մրցաշրջանը Հայաստանում ավարտված է: Այս տարի այլեւս որեւէ պաշտոնական հանդիպում չի կայանա: Բարձրագույն խմբի մասնակից ակումբները արձակուրդ են գնացել, որը կավարտվի դեկտեմբերի 15-ին: Ակումբներում առայժմ փոփոխություններ չկան, թեեւ սպասվում են: Մասնավորապես «Փյունիկի» եւ «Բանանցի» մի շարք ֆուտբոլիստներով հետաքրքրված են արտասահմանյան ակումբներ: Սակայն վերը նշված ակումբներում առայժմ տեղյակ չեն, թե կոնկրետ ինչ ընթացք կստանան բանակցությունները, քանի որ տրանսֆերային պատուհանը բացվելու է միայն հունվարին:
«Բանանց» ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ ամռանը «Փյունիկից» տեղափոխված Գեւորգ Ղազարյանը կրկին վերադարձել է «Փյունիկ», քանի որ «Բանանցում» էր հանդես գալիս վարձավճարով: «Բանանցը» ներկայումս եւս գտնվում է արձակուրդում: Թիմի գլխավոր մարզիչ բուլղարացի Նիկոլայ Կոտսովը վերադարձել է հայրենիք, սակայն շուտով կվերադառնա եւ կշարունակի աշխատել փոխչեմպիոնի կազմում:
«Բանանցը» դեկտեմբերի 2-րդ կեսից կսկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին: Բացի այդ թիմը 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը կներկայացնի ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների «Համագործակցության գավաթի» խաղարկությունում, քանի որ մրցաշարի կազմակերպիչները ցմահ որակազրկել են Հայաստանի չեմպիոն «Փյունիկին», որը ժամանակին հրաժարվել էր «Նեւֆթչիի» հետ մրցավեճից: