Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ ԿՃԱՆԱՉՎԻ ԼԱՎԱԳՈւՅՆԸ

Սպորտ

ՀՖՖ մամուլի քարտուղարկությունը արդեն սկսել է հարցում անցկացնել մարզական լրագրողների շրջանում` որոշելու 2007թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին:

Ինչպես եւ նախորդ տարի, այնպես էլ այս տարի չկա ընգծված ֆավորիտ եւ լավագույնը ճանաչվելու հավականություններ հավասարապես ունեն մի քանի ֆուտբոլիստներ: Պիզելի Մարկոս, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Պաչաջյան, Սամվել Մելքոնյան, Գեւորգ Ղազարյան այս բոլոր ֆուտբոլիստներն էլ ընթացիկ մրցաշրջանում լավ տպավորություն թողեցին:

Մարկոսը անկասկած Հայաստանի առաջնության 1-ին կեսի լավագույն ֆուտբոլիստն է: Նրա ցուցադրած խաղի որակը շատերին զարմացրեց, իսկ որոշ մասնագետներ ընդգծեցին, որը Հայաստանի առաջնությունում նման բարձր մակարդակի ֆուտբոլիստ ունենալը շքեղություն է: Սակայն առաջնության 2-րդ կեսում բրազիլացու խաղը խամրեց: Դրա հիմնական պատճառը «Արարատում» ստեղծված անառողջ մթնոլորտն էր, որը չէր կարող չանրադառնալ նաեւ Մարկոսի վրա:

Սարգիս Հովսեփյանը, հանդիսանալով «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի ավագը, ոչ միայն հուսալի խաղ էր ցույց տալիս պաշտպանությունում, այլեւ օգտագործելով իր մեծ արագությունը, գրոհներ էր ձեռնարկում եւ գոլային փոխանցումներ կատարում: Հովսեփյանը աչքի ընկավ նաեւ ստանդարտ դիրքերից գոլեր խփելով:

Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ներկայիս հավաքականի լավագույն ռմբարկուն է: Նա 3 գնդակ է խփել մրցակիցների դարպասը, որոնցից ավելի հիշարժան է օգոստոսի 22-ին կայացած Հայաստան – Պորտուգալիա խաղում Ռոբերտի գլխով կատարած դիպուկ հարվածը: Արզումանյանը լինելով պաշտպան` անհրաժեշտության դեպքում հայտնվում է նաեւ առջեւ գծում եւ բավական արդյունավետ խաղ ցուցադրում:

Լեւոն Պաչաջյանը հիանալի մրցաշրջան անցկացրեց: Երիտասարդ ֆուտբոլիստը աջ եզրում չուներ իրեն հավասարը: Թե «Փյունիկում», թե հավաքականում նա դարձել է անփոխարինելի:

Սամվել Մելքոնյանին մինչեւ այս մրցաշրջանը մենք սովոր էինք տեսնել կիսապաշտպանությունում: Սակայն հարձակվողների պակասը ստիպեց մարզիչներին նրան օգտագործել որպես հարձակվող: Հայաստանի առաջնությունում դա իրեն արդարացրեց, իսկ ահա հավաքականում` դեռ ոչ: Սամվելին դեռ ժամանակ է պետք է նոր դերին մերվելու համար: Խոսքը վերաբերվում է բարձր կարգի հանդիպումներին:

Գեւորգ Ղազարյան այս մրցաշրջանի հայտնությունն էր: Երիտասարդ այս ֆուտբոլիստին քչերն էին ճանաչում մինչեւ 2007թ: Ղազարյանը սկսեց արդյունավետ խաղ ցուցադրել հատկապես մայիսից, երբ «Փյունիկի» ղեկը ստանձնեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Մինչ այդ Գեւորգը հաճախ հայտնվում էր իրեն խորթ դիրքերում եւ բնականաբար չէր կարող ցուցադրել ողջ կարողությունները: Քանի որ հարցմանը լրագրողները իրավունք ունեն նշել միայն հայկական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներին, Համլետ Մխիթարյանը չի կարող ճանաչվել լավագույնը, քանի որ հանդես է գալիս իրանական ակումբում: Մինչդեռ Մխիթարյանը այս տարի փայլեց Հայաստանի հավաքականի կազմում: