Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խումբ. տանտերերը չպահպանեցին հաղթական հաշիվը (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 24-րդ տուրի երկու հանդիպում: Կենտրոնական խաղում 4-րդ տեղում գտնվող Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում ընդունեց 3-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկին»: Խաղը հաջող սկսեցին տանտերերը, եւ արդեն 4-րդ րոպեին Վահագն Այվազյանը բացեց հաշիվը: Խաղի վերջին րոպեին փյունիկցի Ռումյան Հովսեփյանը խփեց պատասխան գնդակը եւ իր թիմին փրկեց վերահաս պարտությունից՝ 1:1: «Փյունիկը» վաստակեց 37 միավոր եւ հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին», իսկ «Բանանցը» 35 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում: Օրվա երկրորդ խաղում Վանաձոր «Լոռի ՖԱ»-ն Երեւանում ընդունեց «Արարատին» եւ ոչ-ոքի խաղաց՝ 2:2: Հանդիպման 26-րդ եւ 39-րդ րոպեներին աչքի ընկան տանտերերի աֆրիկացի լեգեոնականներ Անտվին ու Դեսիրեն: Երկրորդ խաղակեսում արդեն գոլի հեղինակ դարձան արարատցիներ Գոռ Պողոսյանն ու Սարգիս Մեթոյանը: Այս ոչ-ոքիից հետո «Լոռի ՖԱ»-ն վաստակեց 31 միավոր եւ ամրապնդվեց 5-րդ տեղում, իսկ «Արարատը» 15 միավորով բարձրացավ նախավերջին՝ 8-րդ հորիզոնական: Տուրի վերջին՝ «Արցախ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը, տեղի կունենա վաղը, ժամը 14:00-ին: