Շախմատ. Տաթեւ Աբրահամյանը հաղթեց եւ բարձրացավ 3-րդ տեղ (տեսանյութ)
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում այսօր կկայանան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները: Կանանց մրցաշարում արդեն հայտնի է հաղթողը: ՖԻԴԵ-ի վարպետ, 17-ամյա Ջենիֆեր Յուն, 10-րդ տուրում հաղթելով իրեն հետապնդող Աննա Զատոնսկիխին, վաստակեց 9 միավոր եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Արծաթե եւ բրոնզե մեդալների համար կպայքարեն երեք շախմատիստուհիներ, այդ թվում մեր հայրենակից, 31-ամյա գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որն ընթացիկ տուրում հաղթեց Սաբինա Ֆոյշորին, վաստակեց 7 միավոր եւ բարձրացավ 3-րդ տեղ: Նա այժմ կես միավորով հետ է մնում Աննա Զատոնսկիխից, եւ նույնքան բալով առաջ է Աննիե Վանից: Վերջին, 11-րդ տուրում, Տաթեւ Աբրահամյանը սեւերով կմրցի 10–րդ հորիզոնականում գտնվող Ակշիտա Գորտիի հետ: Տղամարդկանց մրցաշարում առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է տիրում: Տասը տուրից հետո 7-ական միավոր են վաստակել Հիկարու Նակամուրան, Լեյնիեր Դոմինգեսն ու Ֆաբիանո Կարուանան: Նրանց կարող է հավասարվել միայն Վեսլի Սոն, որը 6 միավոր ունի: Մեր հայրենակից, 18-ամյա գրոսմայստեր Սամուել Սեւյանը, ավաղ, 10-րդ տուրում չկարողացավ հաղթել իր հիմնական մրցակցին՝ Վեսլի Սոյին, չնայած երկու զինվորի առավելություն էր ստացել: Արդյունքում, նա վաստակած 5,5 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում: Այսօր Սամուել Սեւյանը սեւերով կհանդիպի Ալեքսանդր Լինդերմանի հետ: