Եվրադատարանը սպասում է «Փաշինյանի գործով» պատասխանների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը դեռևս չի պատասխանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործերով հարցադրումներին, որոնք ստացել է 2019 թվականի հունվարի 22-ին: «Կառավարությունը ստացել է հարցադրումները և սահմանված ժամկետում կպատասխանի», - «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։ Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից խնդրել է հարցերին պատասխանել մինչև 2019 թվականի ապրիլի 16-ը։ «Եվրոպական դատարանն առաջարկել է քննարկել բարեկամական կարգավորման պայմանները, իսկ դրանց չհաջողելու դեպքում ՀՀ կառավարությանը կտրամադրվի ևս 12 շաբաթ առարկություններ ներկայացնելու համար», - ընդգծեց մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք, որ 2010թ եւ 2011թ Նիկոլ Փաշինյանը երկու բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո իր նկատմամբ հետապնդումներն ու դատապարտումը պայմանավորված են եղել ընդդիմադիր կեցվածքով եւ գործունեությամբ: ՄԻԵԴ-ն էլ՝ կառավարությանն առաջադրել է 2 հարց. արդյոք դիմողի նկատմամբ կալանքը համատեղելի է եղել Եվրոպական կոնցենցիայի համապատասխան հոդվածի պահանջներին և արդյո՞ք քրեական հետապնդման հարուցմամբ և նրա դատապարտմամբ չեն խախտվել ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքները։ Ըստ հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բարոյական և նյութական վնասի փոխհատուցումից և նման պահանջ չի ներկայացնելու նաեւ գործի քննության հետագա փուլերում: Բայց գանգատից հրաժարվել Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում:
Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանն «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նոր տեղեկատվություն այս գործով չի կարող ներկայացնել։
Ի դեպ, ապրիլի երկրորդ շաբաթը Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ստրասբուրգ։ Նա ելույթ է ունենալու ԵԽԽՎ պատվիրակների առաջ։ Չի բացառվում, որ պատվիրակների հարցերիցմեկն էլ Մարտի 1-ին եւ այս գործին վերաբերի։