Բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ազգային ժողովում պատգամավորները շարունակում են հարցեր ուղղել Կառավարության անդամներին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի համար խրթին է նոր Հարկային օրենսգիրըք, մասնավորապես՝ այն ներդրողների համար անհասկանալի է: «Հարկային բարեփոխումների այն փաթեթը, որը ներկայացրել ենք որպես հիմնական թիրախ և նպատակ, վերցրել ենք հարկային համակարգի և օրենսդրության պարզեցումը, որպեսզի այն հնարավորինս մատչելի լինի ոչ միայն տեղական , այլև օտաերկրյա ներդրողների համար: Եվ այս առումով համահարթ եկամտային հարկի սահմանումը, որը մեր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է, շատ կարևոր է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները շատ են եղել: Ըստ վարչապետի՝ հանրային կերպարում նոր թշնամի է ի հայտ եկել՝ բարձր աշխատավարձ ստացողները: «Մենք ուզում ենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք, որտեղից բարձր աշխատավարձով դուրս եկող լինի խփենք,գցենք: Ո՛չ, դա չի համապատասխանում մեր քաղաքականության գծի տրամաբանությանը, որովհետև բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է»: Հաջորդ հարցը գյուղատնտեսությանն էր վերաբերում: Տավուշի մարզում վերջին շրջանում սատկել է 1500 գլուխ խոզ: Սա հանգեցրել է անասնակերի թանկացմանը և մսի գնանկմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սարգիս Ալեքսանյանին անհանգստացնում է այն, թե վնասի փոխհատուցում լինելո՞ւ է: Հարցի լուծման համար ընթացակարգ կա, ասաց վարչապետն ու հավելեց, որ թեման նոր չէ, տարիներ շարունակ այդ խնդրին առնչվել ենք, գո՞ւցե ինչ-որ բան սխալ ենք անում: «Մի կողմից մենք ասում ենք, որ խոզը այնքան կա, որ գնանկում է ապրում, մյուս կողմից ասում ենք՝ տարեկան 600 000 գլուխ ոչխարի արտահանման դեֆիցիտ կա: Իմիջիայլոց, Հայաստանում արտադրվող մսի տեսակներից ոչխարի միսը ամենամրցունակ ապրանքն է միջազգային շուկայում: Հիմա հարց. ինչո՞ւ այդ 600 000 գլխաքանակը չի ապահովվում, որը շահութաբեր է»: Արձագանքի ժամանակ պատգամավորը նշեց. «Այս տեմպերով, որ շարունակվի ես և դուք չենք կարող Ամանորին խոզի կաշի ուտել»: Պատգամավորներ-Կառավարության անդամներ հարց ու պատասխանի ժամանակ վերջին հարցը հնչեցրեց Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորին հետաքրքրում է՝ քանի որ սահմանամերձ գյուղերում 0 տոկոսից մինչև 3 տոկոս սուբսիդավարում կլինի, բանկերն են իրենց քաղաքականությունը փոխե՞լ, թե՞ Կառավարությունն է ամբողջովին այդ փողը սուբսիդավորելու: «Սա երկկողմանի գործընթաց է: Իրականում Հայաստանում նկատելի չափերով բանկային տոկոսադրույքները անկում են ապրում, բայց մյուս կողմից Կառավարությունը ավելի խթանելու համար ֆինանսների հասանելիությունը իր կողմից որոշակի սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում»,- պատասխանեց վարչապետը: