Այս հեղափոխությունը սկսել է ԵՊՀ-ի դռները բացելով և ԵՊՀ-ի դռները պիտի բաց մնան. Փաշինյան (տեսանյութ)
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է այն խոսքերը, որոնք օրեր առաջ վարչապետը Կառավարության արտահերթ նիստի ժամանակ հնչեցրել էր, այն է՝ ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի: Պատգամավորին հետաքրքրում է՝ բացի այս չափանիշից կա՞ այլ չափանիշ, որով մենք կարող ենք ռեկտորներին գնահատել: «Որևէ ռեկտորի կուռք չեմ սարքել և չեմ սարքում, առավել ևս համալասարանի ռեկտորի նկարի տակ՝ մոմի լույսի ներքո չեմ աղոթել, այսինքն այստեղ անձնական խնդիր չկա»,- ընդգծեց պատգամավորը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ առաջնահերթ պետք է գնահատական տրվի նրան, որն առկա է մեր բուհական համակարգում: «Մենք պիտի խոստովանենք, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշներին և այն մարտահրավերներին, որոնք այսօր մեր երկրի առաջ կան: Մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողությունը և դա ինձ համար փաստ է»: Ըստ վարչապետի՝ դռների փակ կամ բաց լինելը գնահատականի չափանիշ չէ, բայց այն շատ կարևոր բանի նշան է: Այլ երկրներում բուհական համակարգը առաջադիմության կարևոր օջախ է, Հայաստանում տարիներ շարունակ հակառակն է եղել: «Բուհերը եղել են իշխանության ձեռքին բութ գործիք, այդ թվում ուսանողության շրջանի որևէ ստեղծարար նախաձեռնություն խեղդելու, բուհերը ավտորիտար, կուսակցական համակարգի մաս դարձնելու և բուհերի ուսանողների սոցիալական անպաշտպան վիճակը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար»: Վարչապետը հիշեցրեց՝ ԵՊՀ-ն գումարներ էր փոխանցում Երիտասարդական հիմնադրամին, որը գտնվում էր Հանրապետական կուսակցության հսկողության տակ: «Այս հեղափոխությունը սկսել է ԵՊՀ-ի դռները բացելով և ԵՊՀ-ի դռները պիտի բաց մնա: Այն ռեկտորը, որ չափահաս մարդու առաջ փակում է դուռը ու ասում՝ դու դուրս չպիտի գաս այս լսարանից, ինքը անելիք չունի Հայաստանում, ոնց ուզում եք գնահատեք, նուրբ է, կոշտ է, կոպիտ է, թե ոնց է, այդպես է: Այդ ռեկտորները պիտի հավաքեն իրենց իրերը ու գնան իրանց գործերով զբաղվեն»: