Այսօրվա տուրքը, որը տարածվում է գրավատների վրա՝ ուղղակի ծիծաղելի է». փոխվարչապետ (տեսանյութ)
Ազգային ժողովում պատգամավորները հարցեր են ուղղում Կառավարության անդամներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին անհանգստացնում է նոր Հարկային օրենսգրքով կատարվելիք այն փոփոխությունները, որոնց պատճառով կավելանան գրավատների տարադրամի փոխանակման պետտուրքը: Նախատեսվում է 60 անգամ բարձրացնել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ սահմանվող տուրքի չափը բավականին տրամաբանական է: «Վարչարարության ծախսը կամ վարչարարության ինքնարժեքը բնականաբար պետք է կոմպեսացվի տուրքի միջոցով, այո՛, նաև 60 անգամ ավել տուրքի, որովհետև այօսրվա տուրքը, որը տարածվում է տվյալ կառույցների վրա ուղղակի ծիծաղելի է ու ադեկվատ չէ»: «Իմ քայլից» Գոռ Գևորգյանը անդրադարձավ ներմուծվող մրգի և բանջարանաբոստային բարիքներին: Նա նշեց, որ մաքսային սահմանակետերում գործող Սննդի անվտանգության պետական տեսչության լաբորատորիաները ոչ աշխատանքային ժամերին չեն աշխատում և հաճախ բեռնատարները ստիպված են լինում աշխատել արտահերթ ռեժիմով, որը հավելյալ ծախսերի է հանգեցնում: Պատգամավորը նկատեց՝ ոլորտի ներկայացուցիչները լաբորատորիաների ներկայացուցիչների հետ հարցը քննարկել են, բայց սպառիչ պատասխան չեն ստացել: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նկատեց՝ իրենք նույնպես տեղյակ են խնդրից և քննարկում են սննդի անվտանգության տեսչական մարմնի ռեժիմը համապատասխանեցնել մաքսային մարմինների աշխատանքին: «Ինչպես գիտեք, մաքսային մարմինները աշխատանքից դուրս աշխատանք են մատուցում: Այս պարագայում մտածում ենք նաև, որ դա կարող է պետության տեսանկյունից շահավետ լինել, քանի որ արտաժամյա աշխատանքի համար վճարման սիստեմը ևս տարբերակված է, այսինքն՝ տնտեսվարողը, եթե ցանկանում է այդ ռեժիմով ծառայություն ստանալ՝ ավել վճար է կատարում»: