Ներկայացվեցին հայաստանյան աշխատաշուկայում երիտասարդ մասնագետների ինտեգրման խնդիրները
Աշխատանքային զբաղվածության և գործազրկության ծավալների, ցուցանիշների, չաշխատելու հիմնական պատճառների և առհասարակ աշխատաշուկայում տիրող իրավիճակի մասին անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն Մանկավարժական համալսարանի շրջանավարտների շրջանում: Հետազոտության տվյալները ներկայացրին ՀՊՄՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ փիլիոսփայական գիտությունների դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանը և փիլիսոփա, ՀՊՄՀ-ի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: Մանկավարժական համալսարանի աշխատանքային խմբի իրականացրած հետազոտության նպատակն էր ուսումնասիրել հայաստանյան աշխատաշուկայում երիտասարդ մասնագետների ինտեգրման խնդիրները բուհի 3 ֆակուլտետների՝ Սկզբնական կրթության, Բանասիրական և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների, 2014 թվականի շրջանավարտների օրինակով:Հատկանշական է, որ նշված տարվա շրջանավարտների 66.5 %-ն ապահովված է աշխատանքով. ի դեպ, տղամարդիկ 100%, իսկ կանայք 64.4 %-ով: Ըստ 3 ֆակուլտետների, 72.7 % ցուցանիշով աշխատանք ունեն ավելի շատ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի շրջանավարտները: Անդրադառնալով չաշխատելու պատճառներին՝ բանախոսները հարցման արդյունքներում առանձնացրին անհատական, ընտանեկան դրդապաճառները (24%), մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքի բացակայությունը, ինչպես նաև վարձատրության գրավիչ չափն ու ուսումը մագիստրատուրայում շարունակելու հանգամանքը: Սոցիոլոգիական հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաև շրջանավարտների աշխատանքային զբաղվածության նկարագիրը՝ բուհում ստացած մասնագիտությանը համապատասխանելու տեսանկյունից: Գիտակրթական ոլորտ, ծառայություններ, առևտուր, ֆինանսական ոլորտ, մշակութային հաստատություններ և այլն. սրանք տնտեսության այն ոլորտներն են, որտեղ լուծվել է հարցմանը մասնակցած երիտասարդների աշխատանքային զբաղվածության խնդիրը: Հարցման տվյալներում առավել ուշագրավ են աշխատանք գտնելու հարցում վճռորոշ դեր ունեցած գործոնները. 40.3%-ով առաջին տեղում է անձնական նախաձեռնությամբ հիմնարկություններ այցելելն է, ծանոթների, ընկերների խորհուրդներն ու առաջարկները, ինչպես նաև ուսումնական պրակտիկաների արդյունքում ձևավորված կապերը, իսկ նվազագույն արդյունքով՝ 1.6 %-ով գործատուի նախաձեռնությունն ու առաջարկն է: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ շուկայական կամ ազատական տնտեսության ճանապարհն ընտրած երկրների համար մասնագիտական կրթության գերխնդիրների շարքում շուկայի պահանջարկին համապատասխան մասնագետներ պատրաստելու հարցն է, ինչն ավելի հեշտ է կենտրոնացված տնտեսություն ունեցող երկրների համար: Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձավ նաև հետազոտության եզրահանգումներին և նշեց, որ աշխատաշուկայում ներգրավման տեմպերն ու հնարավորությունները գնալով ավելի են պայմանավորվում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակով, ինչի շնորհիվ նվազում է ծանոթ-բարեկամների խորհուրդների, առաջարկների և միջնորդությունների դերը: Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ աշխատանքային խումբը կարևորում է նաև բուհերի կառավարման օղակներում և ֆակուլտետների խորհուրդներում գործատուների ներկայությունն ապահովելը, որը դրականորեն կանդրադառնա նաև պրակտիկաների բարելավման, դրանց դերի բարձրացման և աշխատանքային զբաղվածության որոշ երաշխիքներ ստեղծելու տեսանկյունից: Ի թիվս այլ երաշխիքների, հետազոտության նախաձեռնողներն առանձնացնում են բուհերում ստեղծված կարիերայի զարգացման կենտրոնների գործառույթների ընդլայնումը, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների համակարգումն ու աշխատաշուկայում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճան ունեցողների համար օրենսդրական հստակեցումներ ներառելը: