Արմեն Տեր- Սահակյանը մեղադրում է պրոբացիոն ծառայությանը կեղծիքի մեջ (տեսանյութ)
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվում էր ցմահ բանտարկյալ Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամ արձակվելու հետ կապված գործը։ Արմեն Տեր-Սահակյանը նշեց, որ պրոբացիոն ծառայության կողմից ներկայացվել են կեղծ տեղեկություններ, որ ինքը հրաժարվել է մարզասրահ հաճախելուց, սոցիալ հոգեբանի հետ հանդիպելուց, որևէ բան սովորելուց։ «Ցանկացած ցանկության դեպքում էլ չես կարող հրաժարվել։ Խցի դուռը բացում ա, քեզ ասում.«Կանչում են, դո՛ւրս արի»։ Գնում ես, դու չգիտես՝ ով ա. սոցիալ հոգեբանն ա, Կարմիր խաչն ա, թե պետի տեղակալն ա, թե մյուսն ա»,- նշում է Սահակյանը՝ ընդգծելով, որ երբ այցելու է ունենում, տեղյակ չի լինում, թե ով է գալիս, որ սոցիալ հոգեբանի այցելության դեպքում՝ իմանալով հանդերձ հրաժարվի հանդիպումից։ Պրոբացիոն ծառայության ներկայացուցիչն իր ելույթում պնդեց, որ քրեակատարողական հիմնարկի տվյալների և Տեր-Սահակյանի անձնական գործի հիման վրա բացասական եզրակացություն է տրվել հենց նույն հիմքով։ «Հիմնական պատճառները վերասոցիալականացման ծրագրերին չմասնակցելն է»,- բացասական եզրակացություն տալու հիմքերին անդրադառնալով՝ ասաց ծառայության ներկայացուցիչը։ Իսկ նախկինում էլ Տեր-Սահակյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ արդարադատության նախարարության պրոբացիայի վարչությունը տվել է դրական եզրակացություն, իսկ քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն, սակայն քրեակատարողական հիմնարկը կեղծ տեղեկատվություն է մտցրել իր որոշման մեջ, ըստ որի՝ և՛ պրոբացիան, և՛ քրեակատարողական վարչության ծառայությունը տվել են բացասական եզրակացություն, որը իրականությանը փաստացի չէր համապատասխանել։ Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության զեկույցի համաձայն՝ դրական եզրակացություն չէր տրվել Արմեն Տեր-Սահակայանի վաղաժամկետ ազատման համար: Ըստ այս զեկույցի՝ պրոբացիոն ծառայությունն Արմեն Տեր-Սահակյանին համարել էր «միջին ռիսկայնության», իսկ քրեակատարողականը՝ «բարձր ռիսկայնության»: Մանրամասները տեսանյութում.