«Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»՝ 2-0. Մարզիչները մեկնաբանում են (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 22-րդ տուրի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»: Խաղի 7-րդ րոպեին Բուգուին 11մ հարվածով բացեց հաշիվը, իսկ 80-ին Կոբյալկոն կրկնապատկեց այն: Հետխաղյա մամուլի ասուլիսում թիմերի գլխավոր մարզիչները այսպես մեկնաբանեցին հանդիպումը: Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիա»). «Առաջին խաղակեսը դժվար էր մեր համար, ֆիզիկապես զիջեցինք մրցակցին, իսկ երկրորդում խաղն հավասարեցչինք, նույնիսկ մի փոքր առավելություն ունեինք: Պատճառը ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակն էր: Լավ է, որ տղաները բնավորություն դրսեւորեցին եւ կարողացան հաղթանակ տանել»: Աշոտ Բարսեղյան («Գանձասար-Կապան»). «Երկրորդ խաղը սկսում ենք 0:1 հաշվով՝ գոլ բաց թողնելով հենց սկզբում: Դժվար է, բայց նման պայմանում անգամ չպետք է մեզ կորցնեինք: Առաջին խաղակեսում լավ ֆուտբոլ խաղացինք, հարվածներ կային, սակայն՝ չստացվեց: Երկրորդ կեսում ինտենսիվությունն ընկավ, որի պատճառով ստիպված էինք երեք պաշտպանով խաղալ ու հարձակվողների թիվն ավելացնել: Ռիսկի դիմեցինք, բայց հակառակը ստացվեց, երկրորդ գոլը բաց թողեցինք: Այսօր մենք երրորդ պաշտպանը կորցրինք (85-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Բակար Բալդեն – խմբ.): Խնդիրներ ունենք: Ամեն դեպքում դժգոհ չեմ տղաների կատարած աշխատանքից»: Հավելենք, որ «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջնության առաջատար «Ալաշկերտին»: Թիմերին այժմ բաժանում է ընդամենը մեկ միավոր: