Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի կարող լինել կայացած հաստատություն առանց կայացած աշխատակցի. ՄԱԱ

Հասարակություն
MAA

«Հարգելի գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել՝ ս.թ. hունվարի 25-ին  ինքնակազմակերպ հանդիպման ընթացքում Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով, նախաձեռնել են հիմնադրելու Մատենադարանի աշխատողների  արհեստակցական կազմակերպությունը: Փետրվարի 1-ի հիմնադիր ժողովի ընթացքում ընտրվել են արհեստակացական կազմակերպության աշխատանքները համակարգող երկու մարմին՝ գործադիր և վերահսկող, հաստատվել է կանոնադրությունը: Արհեստակցական կազմակերպության բարձրագույն մարմինը արհեստակցական կազմակերպության ժողովն է, որը ձևավորվում է արհեստակցական կազմակերպության բոլոր անդամներից:  

Կազմակերպության նպատակները

• ձևավորել աշխատանքային հարաբերությունների նոր մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասար իրավունքների, թափանցիկության, աշխատանքային իրավունքների և պարտականությունների իրազեկվածության վրա

• իրականացնել իր անդամների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքների և  շահերի պաշտպանությունը

• իրացնել գիտա-գործնական ծրագրերի մշակմանն ու դրանց կենսագործմանը մասնակցելու իրավունքը 

• մասնակցել ոլորտի աշխատողների շահերը շոշափող օրենսդրական ակտերի, պետական ծրագրերի վերլուծության աշխատանքներին, այլ միջոցառումներին

• ներկայացնել գործատուին առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ, արհեստակցական միության անդամի պարգևատրման ու խրախուսման հարցերում

• նպատակաուղղել արհեստակցական կազմակերպության միջոցները վերջինիս   անդամների  հանգստի, ուսումնա-մշակութային, կրթական, մարզական և այլ միջոցառումների կազմակերպմանը: 

Օրենսդրությամբ սահմանված կարգով արհեստակցական կազմակերպության անդամ կարող է լինել Մատենադարանի  յուրաքանչյուր աշխատող, որը ընդունում  և իրականացնում է կանոնադրության պահանջները և սահմանված կարգով մուծում անդամավճար (աշխատավարձի 1 %-ի չափով): Անդամավճարի (աշխատավարձի 1%) 20 %-ը փոխանցվելու է Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, որին անդամակցում է Մատենադարանի աշխատողների արհմիությունը:  Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը արդեն իր միջոցներով գրանցել է Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Անդամավճարի 20%- փոխանցումը նպատակ ունի մաս-մաս փոխհատուցելու այս և հետագա այլ ծախսերը, ինչպես նաև բխում է արհմիութենական գործունեության տրամաբանությունից: Անդամավճարի մնացած 80%-ը բացառապես օգտագործվելու է  Մատենադարանի արհմիության կանոնադրության մեջ հռչակված նպատակներով՝ արտացոլվելով բաց և թափանցիկ հաշվետվություններում: 

Արհեստակցական կազմակերպությանը անդամակցելու համար խնդրում ենք լրացրել այս հարցաթերթը` https://docs.google.com/forms/d/194rTj8RdaSFdMbmuj4azw2YbVs4AxSWnNSQfb1SJqcY/edit

Մեզ հետ հետադարձ կապ ունենալու և գործունեությանը հետևելու հասցեներն են՝ https://www.facebook.com/pg/matenadaranguild/about/?ref=page_internal 

[email protected]:

Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը բաց և մասնակցային հարթակ է բոլոր աշխատակիցների համար՝  իրավասու ներկայացնել միայն իր անդամների շահերը: 

Այն աշխատակիցը, որ քաջատեղյակ է աշխատանքային իր իրավունքներին ու պարտականություններին և դրանք բարեխիղճ իրականացնում է, ով իր կատարած աշխատանքի դիմաց ստանում է արժանապատիվ վարձատրություն, աշխատավայրում տեսնում է սեփական ընդունակությունների հիման վրա մասնագիտական աճի և առաջադիմելու հեռանկար, ով հավատում է, որ իր ակտիվ մասնակցությունը հանգեցնում է աշխատանքի վայրում շոշափելի և էական բարելավումների, այդպիսի աշխատակիցը կայացած աշխատակից է: Չի կարող լինել կայացած հաստատություն առանց կայացած աշխատակցի: Մատենադարանի աշխատողների  արհեստակցական կազմակերպությունը կոչված է նպաստելու կայացած աշխատակցին և աշխատավայրին»:

Հարգանքով՝

Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպություն