Կառավարությունն ուղղել էր հանձնարարական, նախարարությունը կատարել էր այն. Ն. Ղարիբյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն անդրադարձավ պետական ոչ առևտրակային կազմակերպությունների կրճատման, օպտիմալացման հիմնահարցին՝ ընդգծելով, որ մամուլում չի գտել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից որևէ համոզիչ հիմնավորում այդ կապակցությամբ։ «Ինչո՞ւ այսքան կարճ ժամանակահատվածում քննարկման թեմա դարձավ մշակութային կազմակերպությունների օպտիմալացման հարցն առանց այս ոլորտի կառույցների պատասխանատուների, տնօրենների հետ խորհրդակցելու։ Եվ ինչո՞ւ այս խնդրի շուրջ չի նախատեսվում առավել համակարգային լուծում։ Ի՞նչ սկզբունքներով ու միջոցներով են իրականացվելու օպտիմալացումները և ինչպիսի՞ արդյունք է այս դեպքում ակնկալվում»,- հարցադրում արեց Կոստանյանը։ Ի պատասխան Նազենի Ղարիբյանն ասաց, որ համաձայն չէ, թե համոզիչ հիմնավորում չի տրվել իր կողմից։ «Կառավարությունն ուղղել էր հանձնարարական, նախարարությունը կատարել էր հանձնարարականը և իր աշխատանքն ուղարկել էր կառավարություն, որը նորմալ ընթացակարգ է»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը։ Իսկ հանձնարարականում, Ղարիբյանի խոսքով, շատ հստակ նշված է եղել, որ օրակարգային համարվում են ոչ թե խնայումներն ու կրճատումները, այլ պատասխանատվությունների համախմբումն ու ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործումը։ «Մենք առաջարկների փաթեթ ենք ուղղակի ուղարկել, բայց դա չի նշանակում, որ այդ փաթեթի մեջ մեր 70 ՊՈԱԿ-ներին տված առաջարկներում մի շաբաթում բոլոր ՊՈԱԿ-ները պետք է փակել, միավորել և այլն։ Այնտեղ տարբեր առաջարկներ կան տարբեր մակարդակների վրա»,- ընդգծեց Ղարիբյանը՝ հավելելով, որ այս հարցում աշխատանքային գործընթացը չի ավարտվել և նախատեսված է նաև ոչ միայն ՊՈԱԿ-ների տնօրենների, այլև աշխատակիցների հետ բանակցություններ։ Կոստանյանը նշեց, որ տեղյակ է եղել երկուշաբթի օրը նախատեսված՝ Նազենի Ղարիբյանի և ՊՈԱԿ-ների որոշ տնօրենների միջև հանդիպում-քննարկման մասին և հետաքրքրվեց, թե ինչպես է ընթացել քննարկումը։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարը հաստատեց, որ հանդիպում-քննարկումը տեղի է ունեցել, և այն անցել է բուռն ու կառուցողական։ «Այդքան հրապարակումներից հետո, ի վերջո, կային էլի տարընթերցումներ, տարբեր մեկնաբանություններ և, իհարկե, անճշտություններ։ Իրենցից ոմանք ասում էին՝ «Մենք վրդովված ենք, մենք վիրավորված ենք»։ Պարզապես բացատրեցի, որ էդտեղ վիրավորվելու որևէ բան չկա»,- եզրափակեց Ղարիբյանը: