«Փյունիկը» 40 հազար դոլարով վաճառել է խաղացողին (տեսանյութ)
Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի «Արարատ-Արմենիա» տեղափոխման համար ակումբը 40 հազար դոլար փոխհատուցում է ստացել: «Դա մեծ գումար չէ այսօրվա ֆուտբոլում, սակայն մեզ համար սկզբունքային հարց էր այդ տրանսֆերի կայացումը, քանի որ Հայաստանում դեռեւս զարգացած չէ այդ կուլտուրան: Շատ հաճախ ակումբները ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար անմիջապես բանակցում են խաղացողի, այլ ոչ թե ակումբի ղեկավարության հետ, ինչը ընդունված է ամբողջ աշխարհում: Մենք Հայաստանի բոլոր ակումբներին կոչ ենք անում պահպանել այդ սկզբունքը տրանսֆերների ժամանակ», - նշեց Արթուր Սողոմոնյանը: Խոսելով առաջիկա անելիքների մասին, «Փյունիկի» սեփականատերը նշեց, որ իրենք առաջին հերթին ցանկանում են մեծացնել եւ զարգացնել ակումբի ենթակառուցվածքները: «Այս տարի նախատեսել ենք Դիլիջանում կառուցել «Փյունիկի» ֆուտբոլի դպրոցի նոր մասնաճյուղ: Այնուհետեւ պլանավորել ենք Երեւանում կառուցել ֆուտբոլի ակադեմիա եւ սեփական մարզադաշտ, քանի որ ակումբը կայացած չի, քանի դեռ չունի նման ենթակառուցվածքներ: Ինչ վերաբերում է առաջին թիմին, ապա նպատակ են դրել առաջիկա 3-4 տարում ստեղծել այնպիսի մարտունակ կոլեկտիվ, որը կկարողանա լուրջ խնդիրներ լուծել եւ մտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլ»: Հավելենք, որ «Փյունիկ» ակումբն այսօրվանից նոր տարբերանշան եւ նոր կայք ունի: Ակումբը նաեւ նոր գործընկեր է ձեռք բերել՝ հանձին «Վիզա-Կոնկորդ» ընկերության: