Գեւորգ Լոռեցյանը նամակ է գրում, իսկ Արթուր Գեւորգյանը սելֆի է անում
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը:
«Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված անկայուն իրավիճակն ու խնդրին օրինական ճանապարհով լուծում տալու անհրաժեշտությունը՝ նամակով դիմել եմ AIBA-ի գործադիր տնօրեն Թոմ Վիրջեթսին:
Մասնավորապես, խնդրել եմ հստակեցնել, թե երբ է անցկացվելու ՀԲՖ նախագահի նոր ընտրությունը, եթե այն արդեն իսկ նախատեսված է: Պատասխանը ստանալուն պես կհրապարակեմ այն:
Հ.Գ. Անհարկի շահարկումներից խուսափելու համար նախապես հայտարարեմ, որ տվյալ հարցում իմ տեսակետը մեկն է՝ պահպանել սահմանված ընթացակարգերն ու հարցը լուծել անցնցում, օրինական ճանապարհով», - նախoրեին գրել է սպորտի ղեկավար այրը:
AIBA-ն շատ արագ պատասխանել է Գեւորգ Լոռեցյանի նամակին:
«AIBA ուղարկածս նամակին ի պատասխան բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անկացնելու պահանջը:
Ավելին, ինչպես և ես խնդրել էի, AIBA-ն այս անգամ արդեն հստակ ժամկետներ է սահմանել նոր ընտրության անցկացման համար:
Եվ այսպես.
- Ամենաուշը 3 ամսվա ընթացքում ՀԲՖ-ն պարտավոր է նոր ընտրության օր նշանակել ու այդ մասին տեղեկացնել AIBA-ին:
- Նոր ընտրության օրը պետք է տեղեկացվի AIBA-ին ու ՀԲՖ անդամներին ոչ ուշ, քան դրանից 30 օր առաջ:
- AIBA-ն դիտորդ կնշանակի, ով կժամանի Հայաստան ու կհետևի ընտրությունների ընթացքին
Հարգելի ընկերներ, հենց սա է այն իրավական ճանապարհը, որի մասին վերջին օրերի ընթացքում անընդհատ խոսել եմ: Խնդիրը պետք է լուծել՝ սահմանված կարգն ու AIBA-ի բոլոր կանոնադրական պահանջները պահպանելով:
Եվ որ ամենակարևորն է, այս պրոցեսը պետք է կազմակերպել հնարավորինս սահուն, որպեսզի դրանից չտուժեն սպորտը, մարզիկներն ու մարզիչները, որոնք օր ու գիշեր ջանք չեն խնայում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:
Կից ներկայացնում եմ AIBA-ի՝ երեկ ուղարկած գրությունը»:
Մինչ նախարարի տեղակալը մտածում է հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակի մասին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում սելֆի է արել Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի հետ, որը օվկիանոսին այն կողմում պետք է նախապատրաստվի 2020թ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներին:
