Ի վերջո, սա սևագրությո՞ւն է, թե՞ «սև թուղթ» (տեսանյութ)
«Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991թվականին, երբ Սոս Սարգսյանը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կուրս չի ունեցել: Թատրոնը հիմնադրել է իր համախոհների, մասնավորապես՝ Դավիթ Հակոբյանի, Կարեն Ջանիբեկյանի, Մայիս Կարագյոզյանի, Շահում Ղազարյանի, Գալյա Նովենցի հետ և թատրոնը երբևէ չի սպասարկել որևէ կուսակցական շահ: Սա մեր պատասխանն է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից՝ փետրվարի 25-ին տարածած հաղորդագրությանը: Ինչպես կարելի է առանց մասնագիտական քննարկման իրականացնել նման անտրամաբանական քայլեր, փոխարենը խելոք օրենքներ գրելու»,- ասում է Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպություններ պետք է լուծարվեն կամ էլ վերակազմավորվեն, որից մեկը «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-Ն է։ Համազգայինի դերասան Դավիթ Հակոբյանի կարծիքով, թափանցիկության խնդիրը կարծես վերադառնում է հին ձևերին, որը թերևս ամենավտանգավոր իրողությունն է և փառք ու պատիվ նրան, ասում է պարոն Հակոբյանը, ով կարողացել է այս փաստաթուղթը դուրս բերել նախարարության պատերից ու հանրայնացնել։ «Ի վերջո՝ սևագրությո՞ւն է, առաջա՞րկ, փաստաթո՞ւղթ, թե՞ սև թուղթ: Դա ինչ փաստաթուղթ էր, որ գաղտնի էր պահվում։ Մեր ռազմական զորքերի տեղաշարժման մասի՞ն էր, թե՞ քիմիական նոր զենք են սարքել, գաղտնի են պահում: Կասկածի տակ են դրվում հեղափոխության ձեռքբերումները և ստացվում է, որ հեղափոխության նվաճումներն անիմաստ էին»,- ասում է նա: Սոս Սարգսյանի այրին՝ տիկին Նելլին, վստահ է, որ սա միտված է թատրոնի դեմ և նման մոտեցումը որակում է անարգանք մեծ արտիստի հիշատակին: