«Արարատ-Արմենիան» վերջին պահին նիգերիացի ֆուտբոլիստ է ձեռք բերել
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կփակվի ձմեռային տրանսֆերային պատուհանը: Զարմանալի չէ, որ ակումբները փորձում են վերջին ձեռքբերումները կատարել մրցաշարի գարնանային հատվածի մեկնարկից առաջ: Մասնավորապես՝ առաջնության նորեկ «Արարատ-Արմենիան» այսօր պայմանագիր է կնքել 23-ամյա նիգերիացի հարձակվող Լուիս Օգանայի հետ: Նա պորտուգալական «Բրագա» ակումբի սան է: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Օգանան հանդես է եկել լիտվական Պրեմիեր լիգայում, «Ժալգիրիսի» կազմում: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ «Արարատ-Արմենիան» պատրաստվում է պայմանագիր կնքել նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Հավելենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը շատ երկրներում դեռեւս չի փակվելու: Մասնավորապես՝ մեր հարեւան Վրաստանում այն կգործի մինչեւ մարտի 31-ը, իսկ հեռավոր Իսլանդիայում ընդհուպ մինչեւ մայիսի 15-ը: