Հայաստանը 5 մասնակից կունենա ուսանողական ձմեռային 29-րդ խաղերում
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում մարտի 2 -12-ը տեղի կունենա համաշխարհային ուսանողական ձմեռային 29-րդ խաղերը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, խաղերին կմասնակցեն 50 երկրների 3000 մարզիկ-մարզուհի: Կխաղարկվեն մեդալների 76 հավաքածու: Հայաստանից կմասնակցեն հինգ պատվիրակներ՝ գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն մեր դահուկորդն ու լեռնադահուկորդները: Դահուկավազքի մրցումները տեղի կունենան մարտի 3-ին, 6-ին, լեռնադահուկային սպորտի մեկնարկները նախատեսված են մարտի 3-ին, 5-ին եւ 8-ին: Գեղասահորդները կմրցեն մարտի 6-7-ին, իսկ գեղասահորդուհիները՝ մարտի 8-9-ին: Մեր մարզիկ-մարզուհիներն իրենց մարզիչների ղեկավարությամբ շարունակում են նախապատրաստվել տարվա գլխավոր ստուգատեսներից մեկին: