Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային խորհրդանիշների նկատմամբ հապճեպ վերաբերմունքն անթույլատրելի է. Պարույր Հայրիկյան

Հարցազրույց Հասարակություն

Հարցազրույց ԱԻՄ  նախագահ Պարույր Հայրիկյանի հետ -Օրերս լայն քննարկումների առիթ դարձավ  ՀՀ օրհներգի փոփոխության հարցը: Արդյո՞ք օրհներգը փոխելու անհրաժեշտությունը կա: - Այս հարցի վերաբերեալ իմ վերաբերմունքն ամենեւին կապուած չէ սկսուած քննարկումների հետ։ Նախ պատիւ ունեմ լինել այն մի քանի մարդկանցից մէկը, ում առաջարկուել է, որ երգերից երկուսը՝ Անկախականների հիմներգը եւ Հայաստանը, դառնան ազգային պետական հիմներգի «թէկնածուներ»։ Ի դէպ, միակ դէպքն է, երբ ե՛ւ բառերի, ե՛ւ մեղեդու հեղինակը նոյն անձն է։ 2005-6 թթ.-ին մասնաւորպէս Գուրգէն Արսենեանը համապատասխան պատկան մարմնին առաջարկել է քննարկել Անկախականների հիմներգը ազգային խորհրդանիշ դարձնելու հարցը։ Հայաստան երգս Ազգային հիմներգի լաւագոյն նախօրինակ է համարում այն ունկնդրածների աւելի քան 70 տոկոսը։ Երկու դէպքում էլ ես դէմ եմ արտայայտուել, որովհետեւ ա) ազգային խորհրդանիշների նկատմամբ հապճեպ վերաբերմունք դրսեւորելն անթոյլատրելի համարելուն զուգահեռ, բ) յաջողութեան ու առաջընթացի նախահիմք եմ համարում հարգալի վերաբերմունքը նախնիներին, մանաւանդ՝ Միքայէլ Նալբանդեանի եւ Բարսեղ Կանաչեանի պէս մեծ հայերին։ Շատ աւելի կարեւոր է ազգային պատմութեան մէջ այդ խորհրդանիշի մասնակցութիւնն ու դերակատարութիւնը։ «Մեր հայրենիքը» մասնակիցն ու ուղեկիցն է եղել մեր ազգային ազատագրական կարեւորագոյն դրսեւորումների աւելի քանի 150 տարի։ Իմ եւ ընկերներիս օրինակով կարող եմ վկայել․- Հիմա բոլորն են անկախական, բայց եղել են ժամանակներ, երբ հարիւր հազար հայից հազիւ մէկն էր համարձակւում անգամ այդ բառն արտասանել։ Եւ այդ պայմաններում՝ «կագէբէ»-ների բանտերում մեզ ոգեւորողն ու ոգեշնչողը մասնաւորապէս «Մեր Հայրենիք»-ն էր եւ հատկապէս նրա «Ամենայն տեղ մահը մի է․․․, բայց երանի որ իւր ազգի ազատութեան կը զոհուի․․․» տողերը։ -Կան մարդիկ, որոնք գտնում են, որ ներկայիս օրհներգը տխուր ու միապաղաղ է, և պետք է փոխել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: -Այդ մարդկանց զգացումներն անհիմն չեն եւ հենց այդ ուղղութեամբ դեռեւս 7-8 տարի առաջ մեր առաջարկը շատ բան իր տեղն է դնում։ Բանն այն է, որ Միքայէլ Նալբանդեանի բանաստեղծութիւնից չորս քառեակ ընտրելուն զուգահեռ Լեւոն Տէր Պետրոսեանն իրեն իրաւունք է վերապահել փոփոխութիւններ կատարել բառերում։ Փոխել բառերն այդպիսի անպատասխանատւութեամբ՝ հայերէնի կանոնների այդորակ խախտումներով ու անճաշակութեամբ ոչ միայն անթոյլատրելի, այլ նաեւ վտանգաւոր է ու վանող։ Մանրամասները մէկ այլ առիթով կը ներկայացնեմ։ Մենք աղջկա-կնոջ շուրթերից հնչող բառերը փոխարինել ենք Միքայէլ Նալբանդեանի մէկ այլ քառատողով, որում նաեւ փոքրիկ փոփոխութիւն ենք թոյլ տուել։ Արդիւնքում հիմներգն աւարտւում է մեղեդային վերընթացով եւ «․․․Իւր քաջ որդուոց սուրբ արիւնով Արդ ապրում է ա-զատ-ուաաաաած․․․» բառերով։ -Խորհրդային Հայաստանի օրհներգի հնարավոր վերադարձն ինչպե՞ս եք գնահատում: -Մի բառով՝ խայտառակութիւն, որն հետեւանք է բթամտութեան, ռուսաստրկութեան, ազգային արժեքների նկատմամբ անտարբերութեան, քաղաքագիտական տհասութեան եւ սնանկութեան։ -Եթե կարելի, անհրաժեշտ է փոխել, ձեր առաջարկը ո՞րն է։ -Դեռեւս Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի օրոք ասպարէզ էին եկել դէմքեր, որ ուզում էին Հայաստանի բռնազաւթումը խորհրդանշող մեղեդին օգտագործել ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար, իրականում առանց այն էլ կիսակատար անկախութիւնը վերջնականապէս բարոյազրկելու համար։ Մի առիթով կը պատմեմ, թէ ինչպէս եմ որպէս սահմանադրագէտ անձամբ կանխել այդ գործընթացը։ Ինչ վերաբերում է փոխելու անհրաժեշտութեանը, ապա ես կուզեի օգտագործել «փոփոխութիւններ կատարելու անհրաժեշտութեան մասին» ձեւակերպումը։ Եւ դա այսօր չէ որ ասում եմ․ ժամանակին այդ հարցի՝ գործող ազգային հիմներգում (ոչ օրհներգ, այլ հիմներգ) բարեփոխումներ կատարելու առնչութեամբ պաշտօնական նամակով դիմել եմ ՀՀ Կառավարութեանը։ Կառավարութեան անունից հաւանութեան շեշտադրումով գրաւոր պատասխան ստացել եմ Հասմիկ Պօղոսեանից։ Այնուհետեւ մասնագիտական յանձնաժողովն է միաձայն եւ անսքող հիացմունքով ընդունել առաջարկածս բարեփոխումները, բայց միայն բարեփոխումները։ Սակայն ի վերջոյ հարցն օրէնսդրական նախաձեռնութեան չհասաւ․ կարծում եմ, գլխաւոր խոչընդոտը իմ հանդէպ ունեցած (միջակութիւնների կամ «կագէբէ»-ի գործակալների) բարդոյթն էր։ Բանն այն է, որ այսօր օրէնքով ամրագրուած հիմներգում իսկապէս կան լուրջ բացթողումներ։ Ես նշել եմ դրանք, առաջարկել ուղղումներ ե՛ւ խօսքում, ե՛ւ մեղեդիում։ Սերժ Սարգսեանն ու իր մարդիկ ինձ հետ համաձայնեցին, բայց ինչպէս եւ մեր առաջարկած սահմանադրոթեան տարբերակը վախեցան նոյնիսկ դնել հրապարակային քննարկման։ Այսպիսով, այս փուլում ոչ թէ պէտք է խօսել ազգային հիմներգը փոխելու, այլ նրանում մեր նշած մի քանի կարեւոր փոփոխութիւնները կատարելու մասին։ Ի դէպ, մեր առաջարկած տարբերակը Օպերայի Արական երգչախումբը կատարել է դեռեւս 2012 թ․-ին Արամ Խաչատրեանի համերգասրահում Սահմանադրութեան 17-ամեակին նուիրուած միջոցառման ժամանակ։ Տեսագրութիւնը պահպանուած է համացանցում։ Պատմական այս փուլում պարզապէս պէտք է որոշ փոփոխութիւններ կատարել գործող ազգային հիմնական երգում (ազգային հիմներգում), իսկ ժամանակի ընթացքում, եթէ ասպարէզ կը գան այլ գաղափարներ, ապա առանց անառողջ հապճեպութեան մենք եւ մեր զաւակներն, իհարկէ, կը քննարկենք․․․