Ռոբերտ Քոչարյանը խոսել է երկու ժամ (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Սակայն այն չի ավարտվել։ Նիստը կշարունակվի փետրվարի 4-ին։ Նիստից հետո փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում ասել է, որ պաշտպանության նախարարին ցուցում է տվել ամեն ինչ անել, որպեսզի բանակը չխառնվի քաղաքական և հետընտրական գործընթացներին։ «Պարոն Քոչարյանը 0038 հրամանի մասին խոսել է։ Այդ հրամանի մեջ չկա մի էնպիսի բան, որ չպետք է լիներ»,- նշում է Ալումյանը։ Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտպանության նախարարի այդպիսի հրամանները թե՛ իր, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա կամ իր մոտ պահի: Ալումյանի համոզմամբ՝ 0038 հրամանի մեջ չկա ինչ-որ կետ, ըստ որի կարելի է նաեւ Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրել, և նույնիսկ նախատել։ Մարտի 1-ի 10-ը զոհերին անդրադառնալով Հայկ Ալումյանը նշում է՝ չի տեսնում, որ ՀՔԾ-ն սպանությունների հանգամանքների շուրջ լուրջ քննություն է իրականացնում։ «Ես երբևէ չեմ զգացել, որ ՀՔԾ-ն լուրջ քննության ենթարկի տասը զոհերի սպանության հանգամանքը»,- շեշտում է Ալումյանը։