Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը 4 Սու-300ՍՄ կործանիչ է գնել Ռուսաստանից. Կոմերսանտ

Քաղաքականություն
korcanich

Ռուսաստանը Հայաստանին կործանիչներ է վաճառել «լուրջ զիջումների գնալով»։ Այս մասին տեղեկանում ենք «Կոմերսանտ» պարբերականից։ Աղբյուրը նշում է, որ Մոսկվան ու Երևանը պայմանագիր են ստորագրել չորս բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ գնելու մասին, որոնք Հայաստանին է տրվելու ներքին գնով, այսինքն, ոչ միայն վարկ են դուրս գրել, այլև կործանիչները վաճառել են ներքին գնով, ոչ թե արտահանմանյան: Պայմանագիրը նշանակալից կարելի է համարել նաև, ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ երկրի ռազմաօդային ուժերը ձեռք են բերում նոր, այլ ոչ թե նախկինում օգտագործված ավիատեխնիկա, գրում է թերթը: Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման նոր պայմանագրի ստորագրման մասին հայտնել էր «Սպուտնիկ» գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ռազմական գերատեսչությունում հաստատել էին գործարքի ստորագրման փաստը, բայց չէին հստակեցրել ոչ կործանիչների թիվը, ոչ գործարքի արժեքը՝ հավելելով միայն, որ «նախկինում ռուսական կողմից տրամադրված 100 մլն դոլար վարկի շրջանակում սպառազինության ձեռքբերման գործընթացը գտնվում է իրականացման փուլում»: «Ռոսօբորոնէքսպորտ»-ը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը զերծ են մնացել մեկնաբանություններից: Վկայակոչելով ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ-մենեջերի խոսքերը՝ թերթը գրում է, որ պայմանագրի համաձայն՝ Հայաստանը 2020թ. կստանա Սու-30ՍՄ 4 կործանիչներ: «Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ գծով: Չնայած համաձայնագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է ռուսական կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, յուրաքանչյուր կործանիչի արժեքը Հայաստանի ռազմաօդային ուժերի համար նույնքան է, որքան այն արժե ՌԴ ԶՈւ-ի համար»,- ասել է թերթի զրուցակիցը՝ նշելով, որ «ռուսական կողմից նման պայմանների առաջարկը իսկական նվեր է»: Պայմանագրով նախատեսված է նաև հայ օդաչուների վերապատրաստում Ռուսաստանի ռազմական հաստատություններում: