«Հոգևորականների մեջ անկիրթները քիչ չեն». Արայիկ Հարությունյան
Կա պարգևատրման համար նախատեսված առանձին փող և այդ պարգևատրումը որոշակի տրամաբանությամբ բաշխվել է,- ասում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում ։ «Հիմա այդ տրամաբանության մեջ եթե դուք իմ բարեկամներին եք փնտրում, ապա պետք է շատ երկար փնտրեք, որովհետև բոլոր աշխատակիցներին կարող եք դասակարգել որպես իմ բարեկամներ: Ոչ բարեկամ չկա Ֆինանսների նախարարությունում»,-ասաց նա։ Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ անդրադարձավ վերջերս Արարատի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին, երբ նա դպրոցում տեսնելով հոգևորականին, հարցրել էր, թե ինչ գործ ունի վերջինս դպրոցում։ Դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում բուռն քննարկվեց այդ թեման և իրեն շատ քննադատեցին, նախարարն ընդգծեց. «Դեռ բազմաթիվ մարդիկ իրենց կեղծ հայտարարությունների համար պատասխանատվություն են կրելու, որովհետև այն սկզբնաղբյուրից, որից եղավ տեղեկությունը որևէ բան չէր համապատասխանում իրականությանը: Ավելին ասեմ, այնտեղ եղել են մարդիկ, որոնք ականատես են եղել իմ և հոգևորականի խոսակցությանը, ես հոգևորականի հետ ձեռքսեղմումով եմ հրաժեշտ տվել: Խնդիրը դպրոցի տնօրենի դասապրոցեսի սխալ կազմակերպման հետ էր կապված, այդ թվում նաև հոգևորականի ներգրավմամբ: Եվ այս անհավասարակշիռ արձագանքը հոգևորականների կողմից, ցույց է տալիս, որ նրանց մեջ անկիրթները քիչ չեն»: Նախարարը խոստացավ՝ այսօր երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպարզաբանի ողջ եղելությունը: