A
A
Աշոցքում բացվեց դահուկային կենտրոն (տեսանյութ)
Շիրակի մարզի Աշոցք գյուղի միջով անցնող ուղեւորներն այսուհետ ուշագրավ կառույց կտեսնեն գերեզմանատան հարեւանությամբ: Դա դահուկային սպորտի նոր կենտրոնն է, որն այսօր առաջին անգամ իր դռները բացեց այցելուների առջեւ:
Այն կառուցվել է Հայաստանում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց կենտրոնի դիզայներ Ծովան Մանջիկյանը, կառուցի վրա օգտագործվել են էկոլոգիապես մաքուր շինանյութեր, ընդ որում ներդրվել է ներքին ջերմության պահպանման նոր համակարգ: Կենտրոնը կառուցվել է երեք ամսում:
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնեց, որ դահուկային սպորտի կենտրոնի շինարարության համար ծախսվել է 60 հազար եվրո: Նա ավելացրեց, որ այն կառուցվել է Հայաստանի զարգացման ընդհանուր ծրագրի շրջանակում, որը շարունակական բնույթ է կրելու:
«Եվրամիությունը պատրաստվում է 7 մլն եվրո ծախսել Հայաստանի հյուսիսային շրջաններում փոքր բիզնես եւ տուրիզմ զարգացնելու համար: Մենք առայժմ քննարկում ենք այդ ծրագրերը: Մեզ հետաքրքրող բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն: Հնարավոր է, որ գումարի չափը հասնի մինչեւ 10 մլն եվրոյի», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպանը:
Դահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանն ասաց, որ իրականություն դարձավ իր երազանքներից մեկը, քանի որ դահուկային սպորտի ֆեդերացիան Աշոցքում այժմ ունի մի կենտրոն, որտեղ կարել է կազմակերպել ուսհավաք եւ լիարժեք մարզումներ սկսնակ դահուկորդների համար:
«Կենտրոնը նախատեսված է 14-15 մարզիկների համար: Կան չորս գիշերակացի սենյակներ, երկու հանդերձարան եւ ճաշարան: Առաջիկայում հատուկ տեխնիկայով նոր վազքուղի է կառուցվելու, որը կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին», - ասաց մասնագետը:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը նշեց, որ Աշոցքը բոլոր պայմաններն ունի դահուկային սպորտի կենտրոն դառնալու համար, նույնիսկ կարող է մրցակցել Ծաղկաձորի հետ, քանի որ ձմեռն այնտեղ ավելի երկարատեւ է եւ ձյունառատ: