Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունն ինձ 5 անգամ ցածր աշխատավարձ է առաջարկել. Արման Փաշիկյան (տեսանյութ)

Սպորտ
sport-pashիkyan-24.01.

Հայաստանի շախմատի 2019թ չեմպիոն Արման Փաշիկյանը հնարավոր է տեղափոխվի այլ երկիր, քանի որ այժմ նա մոտ է իր հիմնական աշխատանքը կորցնելուն: Նշենք, որ փորձառու շախմատիստը միաժամանակ մարզչական գործունեությամբ է զբաղվում Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հիմնադրած գրոսմայստերական դպրոցում: «Անցած տարվա հոկտեմբերի 5-ից դադարեցվել է դպրոցի ֆինանսավորումը: Մենք շարունակում ենք մեր աշխատանքներն անվճար, մինչեւ տեսնենք, կարողանում ենք վերակագնել ֆինանսավորումը, թե՝ ոչ: Եթե այսպես շարունակվի, ապա, բնականաբար, մենք երկար ժամանակ չենք կարող աշխատել», - «Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց շախմատիստը: Ինչպես հայտնեց Արման Փաշիկյանը, ՀՀ սպորտի նախարարությունից իրեն առաջարկել են շարունակել աշխատանքը 5 անգամ ցածր աշխատավարձով, ինչը, ըստ նրա անընդունելի է: «Ինչ վերաբերում է բարձր գումարներին, որ մենք ստացել ենք, ապա բոլոր մարզիչներս էլ կարող ենք ավելի շատ գումարներ վաստակել մասնավոր ոլորտում՝ անցկացնելով անհատական պարապմունքներ: Շախմատը, ի տարբերություն մյուս մարզաձեւերի, հնարավորություն է տալիս սկայպի օգնությամբ հեռակա մարզումներ անցկացնել եւ այդ եղանակով էլ գումարներ աշխատել»: Արման Փաշիկյանը չի թաքցնում, որ գրոսմայստերական դպրոցը փակվելու դեպքում, հնարավոր է ընդունի արտասահմանից իրեն արված առաջարկությունը. «Ինձ հիմա էլ առաջարկություն կա արտերկրից, մարզչություն անելու, շատ ավելի լավ պայմաններով, քան կար գրոսմայստերական դպրոցում, ուղղակի ես ցանկանում եմ ապրել Հայաստանում եւ օգնել հայ շախմատիստներին: Եթե դպրոցի ֆինանսավորումը չստացվի, այն ժամանակ կորոշեմ, ինչպես վարվել», - եզրակացրեց անվանի շախմատիստը: Նշենք, որ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Գրոսմայստերական դպրոցը հիմնադրել են 2012թ փետրվարին, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ: Ըստ նախնական պայմանավորվածության, նրանք անհատական մոտեցմամբ մարզումներ պետք է անցկացնեին 10-18 տարեկան տաղանդավոր շախմատիստների, հիմնականում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողների ու Հայաստանի առաջնությունների ոսկե եւ արծաթե մեդալակիրների հետ՝ տարին 2-3 անգամ: