Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հավակնում է ՄԱԿ-ի ԱԽ անդամության

Հարցազրույց
mher-nkar-2

«Ա1+»-ի գրավոր հարցերին պատասխանում է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը

-Պարո՛ն Մարգարյան, դեկտեմբերի 31-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդգրկվելու թեկնածություն է առաջադրում։ Ի՞նչ է փոխվել, որ  Հայաստանը ցանկություն ունի անդամակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: - ՀՀ արտգործնախարարը հիշատակել է  ինչպես Անվտանգության խորհրդի, այնպես էլ ավելի մոտ ժամկետներում կայանալիք Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու համար ներկայացված ՀՀ թեկնածության մասին։ Առհասարակ, ՄԱԿ-ի տարբեր մարմիններում անդամակցության միջոցով Հայաստանը փորձում է իր նպաստը բերել տարբեր ոլորտներում ՄԱԿ-ի օրակարգի ձևավորմանը՝ դա համադրելով ՀՀ առաջնահերթությունների հետ։ ՄԱԿ-ի հիմնական մարմիններից Գլխավոր ասամբլեան է, որն ունի համընդհանուր անդամակցություն, այսինքն այստեղ ներկայացված են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրները։ ՄԱԿ-ի այլ մարմիններին անդամակցությունը տեղի է ունենում  ընտրությունների միջոցով՝ հաշվի առնելով թեկնածու երկրի կողմից ներկայացված հայտը, ինչպես նաև պահպանելով ռոտացիայի և հավասարաչափ տարածաշրջանային ներկայացվածության սկզբունքը։ Նախկինում Հայաստանն անդամակցել է Տնտեսական և սոցիալական խորհրդին, Մարդու իրավունքների հանձնաժողովին (որը 2006 թ. վերափոխվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ ավելի ընդարձակ գործառույթներով), ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովին, Մանկական հիմնադրամի գործադիր խորհրդին։ 2014-2016 թթ. Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի, Ծրագրերի իրականացման գրասենյակի Գործադիր խորհրդին, որի նախագահ 2016թ.-ին ընտրվել է այն ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ներկայումս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այժմ ՄԱԿ-ի մարմիններից Հայաստանն անդամակցում է Տնտեսական և Սոցիալական խորհրդին (2019-2021 թթ. համար) և Կանանց կարգավիճակի հանձնաժողովին (2019-2023 թթ. համար)։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցելու նպատակով Հայաստանն իր թեկնածությունն է ներկայացրել 2031 թ. կայանալիք (2032-2033 թթ. համար) ընտրություններում։ Հաշվի առնելով այս մարմնում ընտրվելու համար առկա խիստ մրցակցությունն, անդամ երկրները սովորաբար իրենց թեկնածություններն են ներկայացնում  ընտրությունների ժամկետից շատ առաջ։ Սա ժամանակատար և միջոցներ պահանջող գործընթաց է, որի ուղղությամբ աշխատանքները կրում են ընթացիկ բնույթ: -Ի՞նչ ընթացակարգ է այն պահանջում, ինչպե՞ս է ընտրվում ԱԽ կազմը:  -  Ինչպես հայտնի է, Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական և  տասը ոչ մշտական անդամներից, վերջիններս ընտրվում են երկու տարի ժամկետով։ Յուրաքանչյուր տարի տեղի են ունենում ոչ մշտական անդամների հինգ թափուր տեղերի ընտրություններ։ Տեղերը որոշակի համամասնությամբ բաշխված են ՄԱԿ-ի աշխարհագրական խմբերի միջև: Հայաստանն ընդգրկված է ՄԱԿ-ի Արևելաեվրոպական աշխարհագրական խմբում, որին ԱԽ-ում հատկացված է մեկ ոչ մշտական անդամի տեղ։ ԱԽ ոչ մշտական անդամներն ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և ընտրվելու համար անհրաժեշտ է ապահովել անդամ-երկրների ձայների առնվազն երկու երրորդը։ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությունն ի՞նչ կտա Հայաստանին և դա ի՞նչ պատասխանատվություն կդնի Հայաստանի «ուսերին»։ -  Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու հիմնական մարմնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընտրությունները թերևս ՄԱԿ-ի համակարգում ամենամրցակցայինն են։ Անվտանգության խորհրդին անդամակցելը ցանկացած երկրի համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն է և բարձր հեղինակություն՝ հաշվի առնելով, որ ԱԽ որոշումներ է կայացնում աշխարհի տարբեր մասերում հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ։  Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրելիս՝ նկատի են առնվում նաև միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման գործում թեկնածու երկրների ներդրումը, ինչպես նաև՝ երկրների միջև երկկողմ հարաբերությունների մակարդակը: Այս առումով կարևոր է հիշատակել, որ  2014թ.-ից Հայաստանն իր ներդրումն է բերում միջազգային անվտանգության և խաղաղության ոլորտում՝ մասնակցելով ՄԱԿ-ի ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին Լիբանանում, ինչպես նաև Մալիում: Հայաստանը ներգրավված է նաև խաղաղապահ գործողություններում Աֆղանստանում և Կոսովոյում ու շարունակաբար զարգացնում է իր կարողությունները խաղաղապահության ոլորտում։ Միավորված ազգերի կազմակերպության ամենակարևոր և գրավիչ սկզբունքը ինքնիշխան պետությունների հավասարությունն է, որտեղ Հայաստանն, ի թիվս այլ երկրների իր մասնակցությունն է բերում միջազգային օրակարգի, դրա նորմերի մշակման գործընթացներին։ Միջազգային հանրության առջև ծառացած տարբեր տեսակի մարտահրավերներին միասնականորեն դիմագրավելը և համատեղ աշխատանքի ու բանակցությունների միջոցով լուծումներ գտնելը ՄԱԿ-ի գործունեության հիմնական ատրիբուտներից մեկն է։